Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ այստե՞ղ․․․». գյումրեցի քանդակագործը՝ Ծառուկյանի գաղափարի մասին

Հունվար 20,2022 19:39

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը քանդակելու համար հայտարարած մրցույթին արձագանքել ու նախագիծ է ներկայացրել գյումրեցի քանդակագործ  Արտուշ Պապոյանը։ Նրա՝ «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անվամբ Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցված է Սիրիայում ՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին՝ 2000 մետր բարձրության վրա։

Քանդակագործն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած նախագծով Քրիստոսը բացարձակապես նման չէ Սիրիայի արձանին, այն իր ինքնատիպությունն ունի, այս մեկն էլ իրենը կունենա։

Քանդակագործը զարմացած է, թե ինչու են այսպես խառնվել իրար Գագիկ Ծառուկյանի մտադրությունից, նույնիսկ առաջարկում են համաժողովրդական քննարկման դնել գաղափարը։

«Ես զարմանում եմ, երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, դա մուսուլմանական երկիր է, բայց ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ Հայաստանո՞ւմ․․․ Այստեղ շատ են իրար խառնվում, ամեն հարցում խառնվում են։

Հիշո՞ւմ եք, երբ Քըրք Քըրքորյանի արձանն էինք տեղադրում Գյումրիում, ինչ իրարանցում եղավ, դեմ դուրս եկան, իսկ հետո գնում, արձանի մոտ նկարվում են, արդեն լավ է։ Գիտեք միշտ ոչ մասնագիտական մոտեցում են ցույց տալիս, մասնագետներին չեն հավատում, բոլորն էդ գործի մասնագետն են դառնում։

էսօր էլեկտրականության մասին խոսես, բոլորը էլեկտրիկ կդառնան, շինարարության մասին խոսես, սաղ շինարար կդառնան, ամեն ինչ մեր երկրում խառնվել  է իրար։  Թողե՛ք մասնագետն անի, ամեն մարդ իրեն չվերապահի այդ գործը, կարծիք ունեն, թող հայտնեն, բայց թող զուսպ լինեն, ոչ թե վիրավորեն, էսօր կարծիք չկա, կա վիրավորանք։

Քրիստոսի արձանը տեղադրելու մեջ քաղաքականություն են տեսնում, հազար ու մի բան են տեսնում, սովորական մարդկային փոխհարաբերությունները դարձել են գայլային փոխհարաբերություններ։ Եթե մեկը մի բան մտածի, անպայման հարյուր հոգի կգտնվեն, որ կացնահարեն, հարյուր հոգի էլ պետք են, որ վահան սարքեն, պահեն էդ կացինների դեմ, բայց ողջունելի է չէ՞, որ մարդն իր գումարն է ներդնում, այսօր ամեն մեկը չէ, որ ձեռքը գրպանն է տանում»,- ասում է Արտուշ Պապոյանը։

Ըստ նրա, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները ևս պետք է մեղմեն, վերափոխեն իրենց դիրքորոշումն այս հարցի նկատմամբ։

«Որոշ հոգևորականներ ասում են՝ արձանագործությունը հարիր չէ մեր եկեղեցական ավանդույթներին, ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց  Աստծո արձանը դնելը հո հանցագործություն չէ՞, ինչո՞վ կարող է վնաս հասցնել։ 21-րդ դարն է, ավանդապաշտ լինելը վնասում է առաջընթացին, կարելի է մեկ-մեկ էլ ավանդապաշտությունից հրաժարվել ու ամենակարևորը՝ երկակի ստանդարտներ չօգտագործել։  Մենք շատ սրբեր ունենք, որոնք քանդակված են՝ Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Փարիզում Կոմիտաս տեղադրեցին, Իտալիայում՝ Նարեկացի, Գրիգոր Լուսավորիչ, Գոշավանքում Մխիթար Գոշի արձանը դրվեց, մեր սրբերի արձաններն արդեն վաղուց կան։ Ի՞նչ է այսօր թուք ու նալաթը պիտի թափվի Քրիստոսի արձանի վրա՞։ Չի կարելի այդպես, հետո մենք առաջին քրիստոնյաներն ենք։

Շատ լավ կլինի, որ այդ արձանը լինի, նախ հոգևոր զարթոնք կապրենք, էս պարտված իրավիճակից ոգեղեն դուրս կգանք և աշխարհին կապացուցենք, որ մեզ ոչ մեկը չի կարող հաղթել, կարող է մեր մարմինը տանեն, բայց հոգին չեն կարող տանել»։

Ըստ գյումրեցի քանդակագործի, բանը հասել է նրան, որ արդեն Քրիստոսի արձանը տեղադրելու գաղափարը թողած՝ իրեն են քննարկում ու քննադատում։

«Ես քանդակագործ եմ, գուցե ասեն իմ շահերից ելնելով եմ խոսում, բայց դա այդպես չէ, գուցե և հեչ չշահեմ, բայց լավ գաղափար է Քրիստոսի արձանն ունենալն առաջին քրիստոնյա պետությունում։ Վրացիները իրար են խառնվել,  ասում են՝ հայերը նորից մի քայլ առաջ անցան մեզանից։

Վերջը սա զբոսաշրջության հսկայական հոսք կապահովի, երկրներ կան, որոնք տուրիզմով են ապրում, տնտեսություն չունեն։ Սա կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը՝ իր ենթակառուցվածքներով, ուրիշ տեղ գնալու փոխարեն թող գան Հայաստան,  մեծ գումարներ մտնեն մեր երկիր․ Բրազիլիա երկու միլիոն մարդ է գնում Քրիստոսի արձանը տեսնելու համար։

Ինչքան փող են ծախսում էդ մարդիկ՝ Բրազիլիա մտնելով։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գյումրին զբոսաշրջային կենտրոն դառնա, որ մի երկու հոգի ավել գան, երկու հոգի ավել են գալիս, սրճարանները սկսում են շնչել, հյուրանոցներն են աշխատում, պատկերացրեք այդ փողը Հայաստանի բյուջե կգա։

Դրա համար ինձ թվում է՝ այդ ընդվզումները նեղսրտության արդյունք են, չէի ուզի, որ շահարկումներ լինեն, արդեն իմ անձն են շահարկում, թե ես ի՞նչ կապ ունեմ։ Որպես քանդակագործ՝ ես էլ  եմ հայտ ներկայացրել։ Էնպիսի բաներ են ասում, որ սկսում ես ծիծաղել ու մտածել՝ արդյո՞ք մեր մակարդակն այսքան ցածրացե՞լ է, որ չեն հասկանում ինչ են խոսում։ Էս ինչքան ատելություն է մեր մեջ մտել։ Վատ կլինի՞, որ աշխարհին հարիր, բարձրարժեք մշակութային մի գործ ստեղծվի։ Հիմա այդ մասին պիտի մտածենք»,-ասում է Արտուշ Պապոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31