Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործող ծրագրերի շրջանակներում համագործակցության զարգացումը և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության նոր ուղղություններ:
Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շուրջ քննարկումների ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կարևորել է համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության բնագավառներում, առաջարկել նոր ջանքեր ներդնել այդ փոխգործակցության զարգացման համար: Ամերիկյան կողմը հանդես է եկել մի շարք առաջարկներով, այդ թվում՝ վիրավոր զինվորների վերականգնողական ծրագրերի, արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգերի զարգացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Այցի ընթացքում բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում, մասնակցել օրերս Կոսովոյից վերադարձած հայ խաղաղապահների հերթափոխի դիմավորման արարողությունը։ Պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարան, ինչպես նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված դաշտային հոսպիտալի տեխնիկական միջոցների հանձնման արարողությանը:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ