Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին համալսարանից հանեցին, շպրտեցին դուրս, որովհետեւ խարդավանքներով էր տարված… ասացին՝ տղա ջան, արդեն չափերդ անցնում ես». Ղազինյան

Հունվար 20,2022 18:00

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ում պատերի տակ ծվարել ու կաշառք է ստացել:

Ղազինյանը հարցրել էր՝ պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը վերահաստատել իր խոսքերը, որ առանց Արցախի Հայաստան չկա։

Aravot.am-ն այսօր Արթուր Ղազինյանին հարցրեց՝ ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի մեղադրանքին, որ կաշառք է ստացել ու եթե զրպարտել է վարչապետը, չի՞ պատրաստվում նրան դատի տալ: Ղազինյանը պատասխանեց. «Որպեսզի հասկանաք Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, պետք է ուշադրություն դարձնեք բովանդակային՝ հայկական շահից խորը, լուրջ, հարցին ի պատասխան նրա բարբաջանքները: Նորից դարձավ շարքային զրպարտող լրագրող: Երեւի ձեզ վիրավորում եմ դրանով, բայց նա դարձավ հերթական խեղաթյուրման, զրպարտության, անհիմն մեղադրանքների …եւ վերջին պահին ասաց՝ փաստեր չունեմ: Եթե դու փաստեր չունես, նշանակում է զրպարտում ես: Եթե մարդուն մեղադրում ես 15-20$-ով դառել ես միլիոնատեր, հասկանո՞ւմ ես ինչի մասին է խոսքը: Այդ մարդը անտագոնիզմ ունի, ԵՊՀ-ի հետ կապված լուրջ հոգեկան կոմպլեքս ունի: Դե իրեն համալսարանից հանեցին շպրտեցին դուրս, որովհետեւ խարդավանքներով էր տարված, իր հիմնական գործը թողած՝ քաղաքական «մուտիլովկեքով» էր զբաղված համալսարանում, ասացին՝ տղա ջան, դե հերիք է արդեն, արդեն չափերդ անցնում ես: Իր վարքագծի հետ կապված իրեն համալսարանից դուրս թողեցին: Հիմա ինքը համալսարանն ատում է եւ իշխանության գալու առաջին օրվանից գործի է դրվել համալսարանը կազմաքանդելու, որպես կրթօջախ, մայր բուհ վերացնելու իր առաքելությանը: Նա վրեժ է լուծում համալսարանից: Եվ որ պահին տեսնում է համալսարանականի, իր մոտ երեւի նյարդային համակարգը ջղաձգվում է»:

Հարցին՝ երբ իշխող ուժից մեկին զրպարտում, վիրավորում են, դիմում են դատարան, չե՞ք պատրաստվում հայց ներկայացնել Փաշինյանի դեմ. «Եթե որոշեք Նիկոլ Փաշինյանի ամեն զրպարտանքի դեմ դատարան գնանք, փաստորեն պիտի ամեն բանուգործը թողնենք, դատարաններից դուրս չգանք: Մարդը ուրիշ բան անել չգիտի, իր ամբողջ կյանքում զբաղվել է դրանով, եղել է կեղծ, ստախոս, մանիպուլյատոր, որեւէ բովանդակության մեջ չի մտել, արտաքին էֆեկտի վերնագիր հորինելով՝ ապրել է ամբողջ կյանքը: Իր քաղաքական գործունեությունը վերնագիր հորինելն է եղել: Հիմա ինքը մտածում է, որ լավ վերնագիր է հորինել, թերթերը կգրեն, որ համալսարանական կաշառակերը եկել հարցնում է Արցախի՝ հայկական լինելու մասին: Մոտավորապես սա է՝ դատարկաբանություն, որին ես շատ կոպիտ պատասխանեցի: Ասաց՝ չունեմ փաստեր: Եթե չունես, ինչու ես հիմար-հիմար խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31