Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կասկած հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը չի կարող դրսեւորել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, ինչպես օրենքն է պահանջում ՀՌՀ անդամի դեպքում։
«2018թ․-ին նա հայտարարել է, որ ջատագովն է նոր իշխանությունների, կոչ արել լինել իշխանության կողքին, աջակցել, անգամ թերությունների հանդեպ բարյացակամ մոտեցում ունենալ․․․2019թ․-ին էլ ասել է, որ ուրախ է երկրում անձի պաշտամունքի ձեւավորման համար, որ ժողովուրդը վերջապես գտել է մի առաջնորդի, որին սիրում է․․․փաստորեն, պարոն Հակոբյան, դուք անգամ քարոզում եք անձի պաշտամունքը, կռապաշտությունը»,-արձանագրեց Արեգնազ Մանուկյանը։ «Դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»,-հարցրեց պատգամավորը։
Մանուկյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձանագրել էր, որ այսօր Հակոբ Հակոբյանի հետ վերջապես մի քաղաքակիրթ, հետաքրքիր հարցուպատասխան եղավ, հեգնեց․ «Այ հիմա ամեն ինչ ընկավ տեղը, թե չէ այդ ինչ բարձրաշխարհիկ զրույցներ էինք նոր վարում․․․»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ պաշտպանեց Հակոբ Հակոբյանի թեկնածությունը՝ ասելով, որ նա արժեքային անհրաժեշտ համակարգ ու տեսլական ունի պետականաշինության համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ