Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ թուրքական կապիտալը գոնե քիթը ցույց կտա ՀՀ սահմանների մոտ, այդ ժամանակ կմտածենք…Սատանան այդքան սարսափելի չի, ինչքան թվում է». Թունյան

Հունվար 20,2022 16:58

«Մենք այսպես թե այնպես 30 տարի Թուրքիայի հետ առեւտուր ենք արել: Չնայած չենք ունեցել անմիջական սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառությունը տեղի ունեցել, բայց ունեցել ենք իրենց հետ առևտուր, Թուրքիան եղել է Հայաստանի թոփ-5 առեւտրային գործընկերներից մեկը եւ այդ առումով խնդիր չենք տեսել: Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք նայում, պիտի ընդհանրապես բոլոր երկրների առջեւ մեր դռները փակենք ու բոլոր երկրները, որոնք մեզնից ավելի մեծ շուկա ունեն, արտադրական հնարավորություններ ունեն, մենք պետք է մեկուսանանք ու տեղում արտադրենք ամեն ինչը»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի ու մտահոգությունների մասին, որ փողախեղդ կանեն ու կուլ կտան մեր տնտեսությունը՝ տեսակետ հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Նա ասաց, որ ԵԱՏՄ-ն ունի պաշտպանական մեխանիզմներ ու պետք է հաշվի առնել, թե որ ուղղություններով կարող ենք զարգացնել տնտեսությունը. «Չեմ կարծում, որ թուրքական էքսպանսիա մեզ սպասում է, լինելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ պետք է լինեն»:

Հարցին՝ հասարակության մտահոգությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի թշնամիներն են, անվտանգային խնդիրներ կան՝ Թունյանը պատասխանեց. «Եթե հասարակությունն այդ մտավախությունն ունի, ուրեմն հասարակությունն էլ պետք է այդ հակաքայլն անի ու թուրքական արտադրության ապրանք չգնի»:

Ըստ Թունյանի, պետք է կշռել՝ մտավախությունն այն է, որ թուրքական ապրանքները կգան ու մեր շուկան կողողե՞ն, թե՞ այն, որ ապրանքների գները շատ բարձր կլինեն ու մարդիկ այլընտրանք չեն ունենա. «Եթե մենք միայն սպառողի տեսանկյունից ենք խոսում, նաեւ արտադրողների տեսանկյունից պետք է մոտենանք, հումքի մեծ մասը գալիս է Թուրքիայից, այլ ճանապարհներն ավելի թանկ են ու եթե փորձեն թուրքական ապրանքների այլընտրանքը փնտրեն, մրցունակությունը կկորցնեն»:

Հետո Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Երբ որ թուրքական կապիտալը գոնե քիթը ցույց կտա Հայաստանի սահմանների մոտ, այդ ժամանակ կմտածենք, թե եղած միջոցառումների վրա ինչ կարելի է ավելացնել: Սատանան այդքան սարսափելի չի, ինչքան թվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31