«Մենք բոլորս ցանկություն ունենք նոր ընտրություններ անցկացվեն, քանի որ ավագանու վերջին նիստը եղել է օրինախախտումներով»,- այսպես ներկայացրին բողոքի ցույց անելու պատճառը Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները, որոնք այսօր կառավարության շենքի առջեւ էին: Նրանց խոսքով, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել են Փարաքար համայնքի բնակիչների գրեթե 70 տոկոսը, քանի որ խախտվել են մարդկանց իրավունքները. «49 տոկոս ձայն ստացած համայնքապետը չի ընտրվել եւ ընտրվել է 23 տոկոս ձայն ստացածը կամ 27 տոկոս: Մեր կարծիքով դա արդար չէ եւ դրա համար էլ անգամ այս եղանակային պայմաններում հավաքվել ենք այստեղ»:
Նրանք պահանջում էին, որ կառավարությունը պատասխանի «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պահանջին: Նրանք մատնացույց էին անում ՏԻՄ օրենքը, համաձայն որի, եթե 2 շաբաթվա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ: Փարաքարցիները հիշեցրին՝ ինչպիսի խախտումներով է Փարաքարի ղեկավար ընտրվել։
Փարաքարցիների խոսքով, ընտրություններից հետո աղբահանություն գրեթե չի կատարվում:
Ցույցին մասնակցում էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վոլոդյա Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մանդատները վայր դնելու հետ կապված հայտարարությունը եղել է նրա համար, որ բախումներ չլինեն. «Մեզ ընտրած քաղաքացիները եւ չընտրողները հավաքված են եղել մի վայրում, որտեղ կարող էր տհաճ իրավիճակ լիներ, ես այդ արտահայտությունը արեցի, որպեսզի համերաշխության ֆոն ստեղծվի այդ պահին»: Նա ասաց, որ մանդատները վայր դնել չեն կարող, քանի որ դատարան են դիմել, բացի այդ համայնքի բնակիչները հույս ունեն, որ արդարությունը վերականգնվի։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ