Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուր Սուքիասյանի օգնականը հո չեմ, չեմ ճանաչում այդ մարդուն…Մտածում եք՝ կծեծե՞ն ինձ, ի՞նչ պիտի անի». Թադեւոս Ավետիսյան

Հունվար 20,2022 16:42

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր, որ հնարավոր է Ադրբեջանի հետ ունենալ հարեւանական հարաբերություններ, Թուրքիայի հետ էլ առեւտուր անել, տնտեսություն զարգացնել ու անվտանգության ոլորտը բարելավել: Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Չեմ պատրաստվում ձեր կողմից նշված անձանց մեկնաբանել, ես ինքս իրականացրել եմ վերլուծություն: Երբ կառավարության հնգամյա ծրագրում կարդացի, որ ապաշրջափակումը մեր կյանքի բարելավման հիմնական ուղղությունն է, արդեն հասկանալի էր, որ սա Հայաստանը թուրքացման ու հայաթափման տարվող ուղի է: Մենք անկախ ապրելու հնարավորությունն ենք դնում հարվածի տակ: Պարզ ասենք՝ օրինակ կա՞ մեկը, որ մտածում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ազնիվ տնտեսական մրցակցության, տարածաշրջանի տնտեսական զարգացման մասին է մտածում, այդ թվում՝ Հայաստանի: Հակառակը՝ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն իր ժողովրդով իրենց ծրագրերում ուղղակի գոյություն չունի: Խնդիր է դրված տնտեսական էքսպանսիայի՝ տնտեսական ներխուժման՝ փափուկ ուժով: Թուրքական կապիտալը Հայաստանում փողախեղդ է անելու մեր տնտեսությունը»:

Թե ինչի է դա բերելու՝ Թադեւոս Ավետիսյանը քաղաքացիներին պարզ լեզվով փորձեց բացատրել. «Մարդը, օրինակ, աշխատում է տեքստիլ արտադրությունում: Երբ սահմանները բացվեն ու թուրքական ապրանքները է՛լ ավելի էժան գնով ներմուծվեն Հայաստան, դա ուղղակի դուրս է շպրտելու տեղական արտադրանքը՝ իր աշխատողներով ու հարկերով: Թուրքի ախորժակը երբ բացվում է, մենք հետեւանքը գիտենք»:

Պատգամավորը հարցադրումներ հնչեցրեց՝ ո՞ւմ է պետք այդ ապաշրջափակումը, ում շահերն է սպասարկում, ինքնին դա վատ չի, երբ պարտադրանք չի:

Այսօր, ըստ նրա, իշխանությունները թուրքական օրակարգով ու իրենց շահերով են առաջնորդվում. «Իրենք ստանում են այդ ճանապարհները՝ իրար հետ կապվելու: Ու նախապայմանները արդեն փաստացի իրացվել են»:

Պատգամավորը թվերով խոսեց՝ Ադրբեջանի միայն նավթի, գազի արտահանումը տարեկան 18 մլրդ դոլար է, մինչդեռ վերջին 30 տարիներին Հայաստանում օտարերկրյա ներդրումների մաքուր ծավալը 6 մլրդ դոլար է: Նախորդ 10 տարիներին մոտավորապես 220-230 մլն դոլարի ներկրում ենք ապահովել Թուրքիայից, այդ թվում՝ այնպիսի ապրանքներ ենք ներկրել, որոնք այլընտրանք կարող էին ունենալ՝ Հայաստանում արտադրելով: Իսկ մենք արտահանել ենք Թուրքիա տարեկան 155 անգամ պակաս: Հիմնականում մետաղական ռեսուրս ենք արտահանել: Ստացվում է, որ մի քանի մլն դոլարի արտահանում է, մի քանի հարյուր մլն դոլարի ներմուծում ունենք: Ու այս հյուծվող տնտեսության պարագայում թուրք-ադրբեջանական կապիտալը խեղդելու է մեր տնտեսական համակարգը՝ այդ թվում անշարժ գույքին, հողին կոպեկներով տիրանալու են, ունեն այդ հնարավորությունը ու գիտեն ձեւը. «Մի պահ պատկերացրեք, 650 հազար աշխատող կա այսօր ՀՀ-ում, կեսը դառնում են թուրք-ադրբեջանական գործատուների աշխատողներ: Տնտեսական էքսպանսիան դառնում է քաղաքական էքսպանսիա ու դրա հաջորդ քայլը ո՞րն է՝ Ազգային ժողովում հայի դեմքերով կունենանք պատգամավորներ, որոնք կորոշեն մեր ճակատագիրը»:

Խոսելով մեր երկրում աննախադեպ գնաճի մասին՝ Թադեւոս Ավետիսյան ասաց. «Կա էլեկտրաէներգիայի թանկացումը, ջրի թանկացումը, առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկացել 5-6%, թանկանում է 20, 30, 40%, ձուն, ձեթը, հացը թանկանում են… 100 դրամի համար քաղաքացի կա, ես խոստացել եմ բարձրաձայնել սա՝ մոտ 700-800 մետր քայլում է ավելի, թոշակառու մարդ է, ուզում է խնայի: Երբ սա է իրավիճակը, չեն բերում պետբյուջե ու ասում՝ մակրոտնտեսական վիճակը պիտի լուծենք, չենք կարող սոցիալական ծախսերն ավելացնենք: Այդ տատիկը մեղավոր չի, որ մեր երկրում մակրոտնտեսական վիճակն անկայուն է, դրա թիվ մեկ պատասխանատուն այսօրվա իշխանություններն են՝ կատակասեր նախարարներով: Այդ տատիկը ոչ կատակասեր է, ոչ էլ, ասում է՝ 100 դրամ իմ թոշակն ավելացրեք, ես ամեն օր 5-6 կմ չքայլեմ…Մարդը գնում է խանութ, տեսնում է՝ ամեն ինչ թանկացել է, ձյուն է գալիս՝ փողոցներում խցանում է, գալիս է տուն, հեռուստացույցը միացնում է, պարզվում է՝ այդ խցանումը տնտեսական աճի պատճառ ու հետեւանք է»:

Վերջում Ավետիսյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանի մասին երբ հարց եղավ, չցանկացաք մեկնաբանել նրան, հարուստ է, չե՞ք ուզում հարաբերությունները փչացնել նրա հետ՝ պատգամավորը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանի օգնականը հո չեմ, չեմ ճանաչում այդ մարդուն: Ոչ ունեցել եմ հարաբերություն՝ ոչ լավ, ոչ վատ, ո՞նց մեկնաբանեմ մի մարդու, որի հետ ոչ մի առնչություն չունեմ: Մտածում եք կծեծե՞ն ինձ, ի՞նչ պիտի անի: Ես ձեզ ավելի շատ եմ ճանաչում, քան ձեր կողմից նշված անձին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31