«Դա սին է և իրականությանը չի համապատասխանում»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի գույքի բռնագանձման հետ կապված խնդիրներին:
Հիշեցնենք՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
Մինչդեռ Լևոն Բաղդասարյանը վստահեցրեց՝ բավարար ապացույցներ կան, որ Մանվել Գրիգորյանը և նրա ընտանիքն այդ գույքը ձեռք են բերել օրինական ճանապարհով. «Անձի անունը բավականին բացասական լույսի ներքո է ներկայացվել, այդ թվում իրավական հարթակներում: Այն անձինք, որոնք կասկածում են, թերահավատորեն վերաբերվում, որ անձը գույքը ձեռք է բերել ապօրինի, օրենքի ուժով պատրաստ եմ նաև այդ անձանց հետ, ցանկացած շահագրգիռ անձի հետ բռնել այդ գրազը և ապացուցել, որ այն, ինչ ներկայացվել է, որ ապօրինի գույք է ձեռք բերվել, ենթակա է բռնագանձման, չի համապատասխանում իրականությանը: Արդեն վճիռը դատախազությունը կայացրել է»:
Հիշեցնելով, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ է հայտնել ժամանակին՝ Լևոն Բաղդասարյանը մանրամասնեց. «Երբ ապօրինի գույքի բռնագանձման օրենքն ընդունվեց, որպես իրավապաշտպան բարձրաձայնեցի, որ այն աղերս ունի միջազգային իրավունքի և մեր օրենսդրության հետ: Վստահեցրի, որ գալու են ժամանակներ, որ այդ օրենք գրողները խնդիրներ են ունենալու քրեական օրենսդրությամբ նախատեսված որոշակի հոդվածների հետ: Բայց նույն այդ օրենքում օրենսդիրն իմպերատիվ պահանջ է դնում, ասում է՝ երբ դու վարույթ ես հարուցում, դու ունես պարտավորություն, որ հրավիրեն շահագրգիռ անձանց, որ նրանք կարողանան ներկայացնել նաև իրենց դիրքորոշումը նման պայմաններով հարուցել վարույթ: Ուստի առանց շահագրգիռ անձանց կարծիք լսելու հրապարակային ներկայացնել, որ ապօրինի գույքի հետ կապված բռնազավթում է տեղի ունենալու, աղերս չունի արդարադատության հետ»:
Կարդացեք նաև
Լևոն Բաղդասարյանն արձանագրեց՝ եթե լիազոր մարմիններին իրավունք է վերապահված հարուցելու նման վարույթներ, ուրեմն պետք է երկրում ձևավորվի մշակույթ, որ երբ օրինական ուժ ստացած դատական ակտ լինի, ապացուցված լինի հանգամանքը, որ անձն առերևույթ գույքը ձեռք է բերել ապօրինի, այն ժամանակ միայն պետք է դա գցել հասարակության բերանը, որ կարողանա հասարակությունը ճիշտ կողմնորոշվել և զերծ մնա հերթական փողոցային և ընտրովի արդարադատությունից»:
Իրավապաշտպանը վստահեցրեց՝ եթե իրականում ձեռք է բերվել այդ գույքը ապօրինի, առաջին բարձրաձայնողն ինքը պիտի լիներ, միևնույն ժամանակ անձին հնարավորություն պիտի տալ, որ ինքնապաշտպանվի և հավասար մրցակցային դաշտում կարողանա իր խնդիրները, դիրքորոշումը ներկայացնել: Նա նաև հավաստիացրեց՝ Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված տիրապետում է գործի շրջանակներում գույքի ձեռքբերման աղբյուրներին և ներկայացնելու են, որ հասարակությունը դրա մասին տեղյակ լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ