Այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր դիվանագիտական ծառայողներին փոխհատուցելու չափերն ավելացնելու որոշումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դիվանագիտական ծառայության գործում ունենք խորշեր:
Նրա խոսքով, 2018-2019 թվականներին ունեցել ենք դիվանագիտական ծառայության օղակներ, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից. «Այսինքն՝ դեսպանատունը ֆինանսավորվում է անհատի գրպանից։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել եւ որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք եւ առաջին հերթին զբաղվենք դրանով։ Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ պայմաններում, ինչ միջավայրում են աշխատում։ Դա նույնն է, որ մենք օլիմպիական խաղերի ուղարկենք վազորդի մեկ մարզակոշիկով եւ ասենք՝ պետք է մրցակցես ու մեր երկրի զինանշանը, դրոշը պաշտպանես: Այդպես չի լինում»:
Նոր կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի ու նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերն, այլև՝ սկզբնական ընթացիկ ծախսերը հոգալ գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչեւ նրա հասանելիք վճարումները ստանալը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լավ հասկանում են, որ դիվանագետների փոխհատուցման չափերը բարձրացնելու՝ իրենց քայլի վերաբերյալ լինելու են քննադատություններ, շահարկումներ եւ որ քայլն անում են իրենց քաղաքական ռեսուրսի հաշվին, անգամ մարդկանց վստահության հաշվին. «Բայց մեր այստեղ գտնվելն անիմաստ կանցնի, եթե մենք ինստիտուցիոնալ կայացման ճանապարհ չանենք՝ հատուկ ծառայություններից ու պետական մարմիններից սկսած: Մեզ ամենաշատը դրա համար են քննադատել, բայց ես ուրախ եմ, որ մենք այդ քաղաքական կամքն ունեցել ենք եւ գնացել ենք առաջ: Դա տվել է իր արդյունքը, հակառակ դեպքում քաղաքացին չէր գնա ու մեր ուժի օգտին չէր քվեարկի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ