Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղուկ գազ չկա, բնական գազը թանկանում է, կթանկանան տաքսիները… սոցիալական բունտ է հասունանում, կօգտվի՞ ընդդիմությունը

Հունվար 20,2022 15:40

Հայաստանում հեղուկ գազի գների աճ ու դեֆիցիտ կա: Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր երկիրը ներքին սպառման համար ներկրում է հեղուկ գազը ամբողջ ծավալով, այդ շուկաներում կան թանկացումներ ու վստահաբար Հայաստանում ականատես ենք լինելու գնաճի. «Ներկրող ֆիրմաների անուններ են փոխվում, բայց դա չի նշանակում, որ մրցակցությունը մեծանում է: Բարձր մենաշնորհացման աստիճանը ազդում է դրա վրա»:

Ավետիսյանը նաեւ ասաց, որ շուտով եւս մեկ բացասական երեւույթ վրա կհասնի՝ բնական գազի թանկացումը. «Հեղուկ գազի այլընտրանքը բնական գազն է ու դիզվառելիքը, այս շուկաներում ակնհայտ է գնաճը ու առնվազն «Գազպրոմի» կողմից հայտ կա, որ ԱԳԼՃԿ-ների՝ սեղմած գազի կետերի համար գազը առնվազն 8-8,5%-ով թանկանալու է: Դա բերելու է այդքան սպառողի համար թանկացման: Երեկ տեղեկացա, որ հայտը ամբողջապես չի ապահովվելու, առնվազն սոցիալապես անապահով խավի համար գինը չի բարձրանալու: Այդտեղ կարծեմ մինչեւ 600 խմ տարեկան սպառողներին է վերաբերվում: Լավ օրից չի, որ այդ մարդիկ քիչ են գազ ծախսում: Առնվազն սահմանին գազի թանկացում կա ու դա բերելու է մյուս ոլորտներում թանկացումների: Սա վերջին հաշվով բիզնես է, ի վերջո պիտի շահույթ ստանա, մեր սիրուն աչքերի համար չեն բերում ու վաճառում: Եթե մի կոմպոնենտի համար աճ չեն թողնում, լրացուցիչ բարձրացումն ընկնելու է, օրինակ, վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների վրա»:

Մեր հարցին՝ գազի գնի բարձրացումը կարո՞ղ է բերել տրանսպորտի թանկացմանը եւ սոցիալական բունտ չի՞ հասունանա՝ Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց. «Սոցիալական բունտ հասունանալու ավելի շատ պատճառներ կան, սա էլ գումարած: Այո, առնվազն տաքսի ծառայությունները եւ այլն օբյեկտիվ հիմք են ունենալու թանկացման համար: Քաղաքային տրանսպորտում քաղաքական կոմպոնենտ կա բավականին մեծ: Ես չգիտեմ ինչ քննարկումներ կլինեն, սակագինը հաստատում են պետական մարմինները: Եթե ծախսերն ավելանում են հետեւողականորեն ու սակագինը չի բարձրանում, սա բերելու է միանշանակ ծառայության որակի նվազման, ի հաշիվ որակի է սա լինելու: Դա կլինի հիմնական միջոցները մաշելու հաշվին: Կյանքի որակի անկում կլինի»:

Հարցրեցինք՝ սա ձեզ ձեռնտու չի՞, սոցիալական բունտ կլինի, ընդդիմությունը կգա իշխանության՝ Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց, թե՝ ոչ, որովհետեւ հանրային շահն ու հասարակության բարեկեցությունը առաջնային նպատակներ են ու վերքաղաքական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31