Հարցին՝ ի՞նչ առաջարկություններ է Նիկոլ Փաշինյանն արել Իլհամ Ալիեւին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները։
Նրա խոսքով. «Սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն, ընդհանուր առմամբ, վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացներ։ Առաջարկությունները ներկայացրել ենք գրավոր եւ այս պահին դեռեւս արձագանք չենք ստացել, ակնկալում ենք գրավոր արձագանք»:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հետ քաշվեն, եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրով ամրագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է եկել, բացի այդ՝ Ադրբեջանը չի պահպանում գերիների վերադարձի կետը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը եւ կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են. «Մեր առաջարկներն ընդհանուր սահմանազատման եւ սահմանագծման մասին են՝ հաշվի առնելով փաստացի ստեղծված իրավիճակը, ուղղված են այս խնդիրների լուծմանը, այսինքն՝ իրավիճակի հանգուցալուծմանը։ Ադրբեջանն, իհարկե, չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»:
Դիտարկմանը՝ փորձագետները նշում են, որ զորքերի հայելային դուրսբերման դեպքում Կապանը եւ հարակից համայնքները կհայտնվեն չեզոք գծում, Արմեն Գրիգորյանն ասաց՝ նման վտանգ չկա. «Սահմանազատման եւ սահմանագծման դեպքում Հայաստանի Հանրապետության ոչ մի համայնք կամ տարածք չի կարող հայտնվել չեզոք գծում։ Նման խնդիր չկա»։
Կարդացեք նաև
Լրագրողները ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են իշխանությունները պատկերացնում հայելային դուրսբերում այն վայրերում, որտեղ ենթադրվող սահմանն անցնում է բնակավայրերի միջով, ի պատասխան պարոն Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմի առաջարկները վերաբերում են նման իրավիճակների լուծմանը. «Որտեղ բնակավայրեր կան, զորքերը կամ սահմանապահ զորքերը կկանգնեն բնակավայրի երկայնքով` սահմանի կողմում»:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին էլ, թե ՀՀ հստակ մոտեցումը ո՞րն է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է ԼՂ հիմնախնդրի լուծում գտնել՝ կարգավիճակի առանց որեւէ սահմանափակման»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ