Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայկականը ռաբիսից ու արեւելյան մեյմուններից չենք տարբերում, ուրեմն մեր գործերը շատ վատ են»․ Հակոբ Մովսես

Հունվար 20,2022 15:18

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածությունը, որն այսօր քննարկվում է ԱԺ լիագումար նիստում։ Ելույթում թեկնածուն խոսեց մեդիադաշտի խնդիրներից։ «Այսօրվա քաղաքական-հասարակական իրողությունները տեղավորված են մեդիադաշտում․ տարակուսանքները սկսվում են նրանից, թե ինչ խնդիրներ պետք է լուծի տեսալսողական մեդիան»,-նշեց նա։

Հակոբ Հակոբյանի խոսքով․ «Չնայած տեղեկատվական համակարգը հասարակական խնդիրներ է լուծում, բայց հասարակական համակարգն ինչ-որ չափով կուսակցական կողմնորոշում ունի։ Մի շարք հեռուստաաալիքներ, չնայած կոռեկտությանը, ստեղծվել են կուսակցությունների եւ նրանց լիդերների սահմաններում։ Պետությունն այստեղ անելիք ունի։ Մեդիադաշտի մասին օրենքում ամեն ինչ ներառված է»։

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ լավ կլիներ մեդիադաշտը նկատի ունենար, որ այսօրվա իրականությունը քաղաքականացված է․ «Արտառոց բան չեմ տեսնում դրանում, բայց արտառոց է, որ մեդիահնարավորությունների տիրապետող քաղաքական ուժերը քաղաքացիական պատշաճ հնարավորություններ չեն ներդնում՝ ժողովրդին մեկնաբանելու համար պետությունը, պետության հնարավորությունները, պետության ծագումնաբանությունն ու նպատակները։ Եթե ավելի պարզ, ապա մենք պարտավոր ենք հանրությանը բացատրել, թե ինչ է պետական հարկը, կոռուպցիան։ Ժողովուրդը չգիտի, թե ինչն է կոռուպցիան։ Կոռուպցիա ասելով հասկանում են միայն կաշառակերություն եւ չեն պատկերացնում կոռուպցիայի մահաբեր վտանգը պետականության համար»։

Թեկնածուն նաեւ շեշտեց՝ պետությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի մեդիադաշտի լեզվի եւ հայոց լեզվի վիճակի վրա առհասարակ․ «Գնալով վերածվում ենք մի ժողովրդի, որը աբորիգենի պես է բանավոր խոսում եւ կտրվում է գրավոր լեզվից։ Գրավոր լեզուն դառնում է լրագրողական լեզու։ Մինչեւ Մատենադարանից հասնում ես նախկին ձկան խանութ, ոչ մի հայկական ցուցանակ չկա, էլ չասած՝ մատենադարանի տակ փախցված խայտառակ տառերը։ Լավ է գոնե, որ ամեն տառի տակ գրել են, թե դա ինչ տառ է»։

Ըստ թեկնածուի՝ երաժշտական հաղորդումները խայտառակ վիճակում են․ «Երբեմն մոռանում ենք, որ հեռուստատեսությամբ հայատառ արաբերեն կամ թուրքերեն երաժշտություն ենք քարոզում։ Սա լոկալ երեւույթ չէ եւ թող չթվա, թե այն հետեւանք չի ունենում։ Սա մտնում է մեր կենցաղ եւ մշակույթ։ Ապշում եմ, երբ հարցնում են՝ ինչպե՞ս տարբերել հայկական երաժշտությունը։ Եթե հայկականը ռաբիսից ու արեւելյան մեյմուններից չենք տարբերում, ուրեմն մեր գործերը շատ վատ են։ Գերմանիայի բոլոր հրատարակչությունները պետք է ունենան լեզվի գերատեսչության խմբագիրներ։ Դա պարտադիր է։ Իսկ մեզ մոտ ո՞նց ենք խոսում ու գրում․․․սրանք խնդիրներ են, որոնք մեդիադաշտում կարող են լայն լուծումներ ստանալ, բայց մինչեւ օրս չեն դարձել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31