Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ առաջարկում են մարտեր առանց կանոնների, իսկ դու խորեոգրաֆիայի ամենագեղեցիկ ձեւերով ես հանդես գալիս». Լարիսա Ալավերդյանը՝ ընդդիմությանը

Հունվար 20,2022 15:04

«Ես ամեն անգամ հիշեցնելու եմ, որ դեմ էի՝ ընդդիմությունը գնար ընտրությունների, որովհետեւ այս իրավիճակն ակնկալելի էր»,-«Հայելի» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Հետո ասացինք՝ պետք չի վերցնել մանդատները, բայց վերցրեցին: Հիմա, երբ իրենք արդեն ԱԺ-ում են, ես կարծում եմ, մի քանի բան կա՝ մոլորություն: Նրանք խոսում են մի անձի (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) հետ, որը կարող է երեկ մի բան ասած լինել, այսօր՝ ուրիշ բան ասի…

Դեռ 2018-ին ասել եմ, որ նրա թիմը նման է քայքայիչ աղանդի: Այդ թիմը եկել է քայքայելու ամեն բան: Ցանկացած հարց իրենք անպայման խեղաթյուրելու են, այլասերելու են, բերելու են մի վիճակի, որտեղ տանուլ տված դաշտ է, բայց իրենք հաղթանակ են համարում: Հիշեք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այն խոսքերը, որ ամեն մի պարտություն չի, որ պարտություն է: Մի խոսքով, այն, ինչ նորմալ, բանական տրամաբանության մեջ վատ է, այս խմբի եւ նրա առաջնորդի համար հակառակն է: Հետեւաբար, երբ քեզ առաջարկում են մարտեր՝ առանց կանոնների, համաչափ չէ, երբ դու խորեոգրաֆիայի ամենագեղեցիկ ձեւերով ես հանդես գալիս նրանց դեմ»,-հավելեց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով. «Այն մարդիկ, որոնք հիմա տարակուսել են ու մտածում են, թե ինչու այսպես սխալվեցինք ու սրան ընտրեցիք, արդեն անտարբեր են դարձել: Անտարբեր են, օրինակ, դեկտեմբերի 31-ին կատարվածի հանդեպ, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ամանորյա խոսքից հետո հնչեց մուղամանման մեղեդի, ինչի մասին գրեց նաեւ կոմիտասագետ եւ կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը…» :

Վկայակոչելով Նժդեհի այն արտահայտությունը, որ ամեն ազգ ունի իր տականքը, Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ մեր խնդիրը ոչ թե զարմանալն է, որ կա նման խավ, այլ այն, որ պետք է թույլ չտալ, որ այդ խավը երկիր եւ ազգը կործանի:

«Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո ի՞նչ է տեղի ունեցել… Ադրբեջանցիները ոչ թե պատերազմ էին վարում, այլ կոտորած էին անում՝ գլուխ էին կտրում, ծաղրում էին այն մեծահասակներին, դա ցեղասպանական մոտեցում է, իսկ այսօր փոխվե՞լ է նրանց հռետորաբանությունը, բացարձակապես…Եվ Էրդողանը եւ Ալիեւը շարունակում են հաթաթա տալ, սպառնում են, ասում են՝ անգամ եթե խաղաղության պայմանագիրն էլ կնքեք, պիտի բանակ չունենանք, իսկ բանակ չունեն նույն պետության առանձին մասերը… Երբ ձեզ ասում են՝ Հայաստանը չպետք է ունենա բանակ, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է դառնա թուրքադրբեջանական միավորման մի մաս: Ուրիշ ձեւ չի լինում…Եթե Մարալի ցավը կամ առեւանգված երկու զինվորների ծնողների ցավը ձեր ցավը չէ, ուրեմն դուք ոչ թե հայ չեք, այլեւ մարդ չեք»,-ընդգծում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31