«Ինչպես սպասվում եւ կանխատեսվում էր՝ մոտենում է քովիդի համավարակի հերթական ալիքը: Երեկ արդեն 621 նոր դեպք ենք ունեցել, ընդ որում՝ 4-րդ, 5-րդ օրն անընդմեջ իրական տոկոսային աճ ենք ունենում: Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն աստիճանաբար մտնում է գործողության մեջ. «Հետեւաբար, մենք պետք է նորից վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի:
Ըստ նրա, քովիդի վերաբերյալ քննադատությունները որեւէ հիմք չունեն, եւ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ չվերադառնան «լոքդաունի» եւ բիզնեսները չփակվեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեսչական մարմինները խստորեն հետեւելու են, որպեսզի տնտեսվարողները սահմանափակումները կիրառեն եւ պատասխանատվությունը հենց տնտեսվարողն էլ կրելու է. «Սա արվում է տնտեսվարողների շահերից, քանի որ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ «լոքդաունի»։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցը մնում են պատվաստումները. «Այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում, եւ շատ երկրներում այն կտրուկ աճ է գրանցում, բայց պատվաստումները նպաստել են, որ չունենանք մահացության նման մեծ աճ»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ