Ռուսաստանը Բաքվից ու Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարվելիք պաշտոնական այցերի վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքների շարունակությանը՝ առաջին հերթին համապատասխան իր մանդատի՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք առաջ են եկել 2020թ-ից հետո: Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դա արտացոլում է գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների 2021թ. դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրված է եղել Բաքվին ու Երևանին ուղղված կոչ՝ առաջիկայում տարածաշրջանում ընդունել համանախագահներին, ինչը նրանց թույլ կտա գնահատել իրավիճակը «տեղում», հասնել շոշափելի առաջընթացի մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռյակի հանդիպումներին:
Զախարովան նաև նշել է, որ 2021թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում անցկացված շփումների արդյունքում համանախագահները երկու կողմերի արտգործնախարարներին փոխանցել են «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ»:
Կարդացեք նաև
«Դա ուղղված էր կենսական մարդասիրական խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին սոցիալ-տնտեսական ոլորտում: Մենք կողմերից ակնկալում եմ պաշտոնական արձագանք, այդ թվում եռյակի տարածաշրջանային այցերի վերականգնման վերաբերյալ»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ