Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով խաղատների, շահումով խաղերի գովազդը կարգելվի ԶԼՄ-ներով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եւ կթույլատրվի միայն 4 եւ ավելի աստղանի հյուրանոցներում, շահումով խաղերի գրասենյակների ճակատին ու վաճառակետերում։
Ինչպես զեկուցեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը (լուսանկարում), դեռեւս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, եւ գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու նախարարությունն ուսումնասիրություն են արել՝ պարզելու համար, թե արդյոք նոր ռիսկեր կա՞ն հանրության համար։
«Պարզել ենք, որ 2018թ․-ի համեմատ 2020թ․ վերջում խաղադրույքների վեց անգամ աճ է գրանցվել։ Խաղադրույք կատարելու միջին քանակներն ավելացել են երեք անգամ։ Միջազգային միտումների հետ համադրելով՝ հասկացել ենք, որ մեր մոտ ոլորտը շատ արագ է զարգանում, եւ խաղամոլության ռիսկն է մեր մոտ մեծանում։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, վեց խաղացողից մեկը դառնում է խաղամոլ։ Մեր մոտ ստացվում է, որ վեց անգամ շատ է ցուցանիշը»,-նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ սահմանափակումները վերականգնվում են․ «Վերադառնում ենք մինչեւ 2019թ․-ը առկա կարգավորումները եւ առաջարկում ինտերնետ շահումով խաղերի գովազդը սահմանափակել՝ թողնելով միայն 4 եւ ավելի աստղանի հյուրանոցներում, սահմանային անցակետերում եւ իրենց գործունեության վայրերում։ Այս կերպ փորձելու ենք իրավիճակը մեղմել եւ խաղամոլության ռիսկերը նվազեցնել։ Իսկ կատալիզատորները, որոնք խաղադրույքներ են կատարում իրադարձությունների վրա, նույնպես սահմանափակվելու են»։
Կարդացեք նաև
Արմեն Հայրապետյանը նշեց՝ արձագանքներ ունեն, որ սահմանափակումները բացասական ազդեցություն են ունենալու ԶԼՄ-ների համար, որոնք պնդում էին, որ 70% գովազդի պատվերները կատարվում են խաղային բիզնեսից․ «Կարծում ենք, որ եթե կախվածությունը շատ մեծ լինի խաղային բիզնեսից, դժվար կլինի վերադառնալ ազատ-անկախ մամուլի։ Ըստ վիճակագրության ստացվել է, որ նշյալ թիվը 20-25% է կազմում։ Աճ, այնուամենայնիվ, կա՝ հինգ տոկոսի չափով։ Պատրաստ ենք օրենքն այնպես ձեւավորել, որ ԶԼՄ-ների համար խնդիրներ չստեղծվեն»։
Հիշեցնենք՝ հեռարձակող կազմակերպությունները դժգոհություն են արտահայտել, որ այս օրենքով սպասվող սահմանափակումները բացասաբար են ազդելու գովազդային մուտքերի զգալի մասի վրա։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ այս սահմանափակումներով որքանո՞վ կնվազի խաղադրույք անողների եւ խաղատներ գնացողների թիվը։ «Բոլոր երկրների կարգավորումներով գովազդն առանձին է կարգավորվում եւ սահմանափակվում։ Գովազդը գնահատվում է որպես ներգրավող միջոց։ Անփորձին գովազդով հեշտ է ներքաշել, եւ հենց նրանք են դառնում խաղամոլներ։ Աշխարհի փորձը կա։ Ուստի այո, ենթադրում ենք, որ այդպիսի մարդկանց հետ կպահենք այդ քայլից։ Գիտակցված մաս էլ կա, որը գնում է խաղատուն եւ ժամանակ անցկացնում։ Ուստի գովազդը պետք է սահմանափակենք»,-պատասխանեց փոխնախարարը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ