Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր պարեկային ծառայության թեման, ասաց՝ իմ ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ծառայության աշխատակիցների հետ եւ արձանագրել են էական բարձր սպասարկման որակ, որը շատ ոգեւորիչ է:
«Ձե՞զ էլ են տարել «պլաշչադկա» (տուգանային հրապարակ.-խմբ)»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը, երբ Քերոբյանից հետո խոսքի թույլտվություն խնդրեց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:
Նախարարն ասաց, որ պարեկային ոստիկանության աշխատանքի արդյունքում փոխվել է վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ. «Ժամանակին մարդկանց մոտ եղել է ընկալում, որ ոստիկաններն ուրիշ են, իրենք ուրիշ են: Այսօր ես նկատում եմ ոստիկանության-հասարակություն ներդաշնակություն»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր պարեկային ոստիկանությունում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի կապ չեն ունեցել. «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն եւ այդ պրոցեսը շարունակվում է: Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել եւ հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան: Շատ կարեւոր ենք համարում, որ ոստիկանության փորձը եւ ոստիկանության հետ շփման փորձը գան միանան եւ ստանանք քաղաքացիական ոստիկան»:
Կարդացեք նաև
Ըստ վարչապետի, նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով եւ պարեկային ոստիկանության առնվազն կեսը պետք է լինեն քաղաքացիական անձինք:
Վարչապետի խոսքով, հիմա արդեն ձեւավորվում է պարեկային ոստիկանության կադրերի ռեզերվ, եւ, եթե պարեկային ոստիկանության կողմից ապօրինություն կատարվեց, տեղերը թափուր մնալու խնդիր չեն ունենա: Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, որ Երեւանի համար լրացուցիչ հաստիքներ տրամադրելուց հետո 1 տեղի համար ունեցել են 10 դիմորդ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ