Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ պարեկային ոստիկանության գործունեությանը: Նրա խոսքով, 2018 թվականի հեղափոխությունից հետո իրենց համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը եւ բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը. «Այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ կապված քովիդի, պատերազմի, ներքաղաքական ճգնաժամի հետ, եւ 2021 թվականի հուլիսին որոշում կայացվեց մեկնարկել գործընթացը, եւ արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն։ Մասնավորապես աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երեւանի Ճանապարհային ոստիկանությունն է։ Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար նախկինում համեմատելի ժամանակաշրջանում եթե 565 արձանագրություն է կազմվել, ապա պարեկային ոստիկանության կողմից 1917 արձանագրություն է կազմվել, աճը 3 ու 5 անգամ կամ 239 տոկոսով է»։
Փաշինյանի ներկայացմամբ, հաշվառման համարանիշի վերաբերյալ նախկինում 953 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 3 հազար 435։ Առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրությունների թիվը նախկինում 924 դեպք էր, պարեկային ոստիկանության կողմից՝ 4 հազար 674 դեպք:
«Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ, վարչական իրավախախտում կատարելու հետ կապված նախկինում ոչ մի արձանագրություն չի արձանագրվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից 189 արձանագրություն է կազմվել»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 քաղաքացի. «Բայց, քավ լիցի, մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ՝ այն մասին է, որ մեր համոզմամբ ձեւավորվել է իրավակարգ, կարգ ու կանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձեւավորելու որոշակի ինստիտուտ։ Ես ուզում եմ աշխատանքային գաղտնիք բացահայտել, պարեկային ոստիկանության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, որոնք հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք մենք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,–ասաց կառավարության ղեկավարը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. «Կարծում եմ, որ սա շատ հիշարժան փաստ է, եւ համապատասխան տուգանքը վճարվել է, ու վարչական պատասխանատվության են ենթարկվել մարդիկ։ Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել իրենց կաշառք առաջարկելու կապակցությամբ»:
Նիստին ներկա Ոստիկանության պետ Վահե Ղազարյանն էլ ասաց, որ նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք, հարուցվել են քրեական գործեր: Իսկ երեկ էլ Իսակովի պողոտայում ոչ սթափ վիճակում քաղաքացին խախտում կատարելու համար կաշառք է առաջարկել ոստիկանին, ինչի առիթով նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանապետն ասաց, որ նախատեսում են 2023 թվականի կիսամյակին ամբողջ հանրապետությունում ունենալ պարեկային ոստիկանություն:
Փաշինյանը հավելեց, որ Շիրակի եւ Լոռու մազերում նույնպես կունենաք պարեկային ոստիկանություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ