Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորան՝ Արցախին» նախագիծն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին  ուղղված ծրագրերին

Հունվար 20,2022 14:13

Հունվարի 20, 2022 թ. – Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախում աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են 2020 թ. պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդից եւ որը կկրկնապատկվի «Ավրորայի» համահիմնադիրների կողմից՝ հոգալու տեղի բնակչության կարիքները: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» նախագիծն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին  ուղղված ծրագրերին:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվեց մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Մրցանակի շնորհման արարողությունն անցկացվեց 2021 թ. հոկտեմբերի 9-ին Իտալիայի Վենետիկ քաղաքի Սուրբ Ղազար կղզում: Դափնեկրի տրամադրած միջոցների եւ համահիմնադիրների ներդրման շնորհիվ «Ավրորան» հնարավորություն կունենա Արցախում աջակցելու տասներեք նախագծի, որոնք ուղղված են առողջապահությանը (6 նախագիծ), կրթությանը, մշակույթին եւ սպորտին (3 նախագիծ), սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) եւ վերականգնմանը (1 նախագիծ).

Օրթոպեդիկ վիրահատություններ Արցախում («Հայաստանի ճամփորդող բժիշկներ» ՀԿ)

Արցախում միակ օրթոպեդիկ կենտրոնի զարգացում («Օրթոլաբ» ՍՊԸ)

«Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական կենտրոն («Ձեռք ձեռքի» ստոմատոլոգիական բարեգործական կազմակերպություն)

«Հանգանակ» տարեցների կլինիկա. Աջակցություն՝ Ստեփանակերտում ծրագրի ընդլայնմանը եւ շտապ  բնակարանների տրամադրմանը (Հայ կանանց բարեկեցության ընկերակցություն (AWWA))

Նոր դպրոց տեղահանված երեխաների համար Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում («Ապրելու Արցախ» հիմնադրամ)

Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիր («Վերածնված հայրենիք» ՀԿ)

«Թափոններից՝ ջերմություն». Հայաստանի սահմանամերձ համայնքներում էկոլոգիապես մաքուր այլընտրանքային վառելիքի արտադրության սոցիալական ձեռնարկություն (Մերձավոր Արեւելքի հիմնադրամ)

Մաճկալաշենի դպրոցի վերանորոգում եւ ընդլայնում («Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ)

Աջակցություն՝ սահմանամերձ  բնակչության շրջանում կրծքագեղձի, վահանաձեւ գեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով առողջապահական ծառայությունների մատուցմանը (Հայ-ամերիկյան առողջության կենտրոն)

«Քայլ տուր, հնարավորություն տուր». աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական աշխատանքների մոնիտորինգի համար ստենդային մահճակալի եւ 10 «Քայլաբեր» թվային սարքի ձեռքբերմանը («ՔայլԹեք» ՍՊԸ)

Թվային Արցախ. աջակցություն՝ Արցախի գյուղական համայնքների երիտասարդների զորացմանը («Ես» կրթական հիմնադրամ)

Գիտելիքահենք գյուղատնտեսությունն ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է. դասընթաց ջերմոցային մշակաբույսերի աճեցման վերաբերյալ («Կրթություն հանուն ապագայի» ՀԿ)

Բժիշկներ Արցախի համար. աջակցություն բժիշկների աշխատանքային գործուղումների կազմակերպմանը ՝ Արցախում բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով («Հայ օգնության ֆոնդ»):

«Որտեղ կա պատերազմ, որտեղ կա հակամարտություն, այնտեղ միշտ կա մարդկային տառապանք: Բայց հայ ժողովուրդն ապացուցել է, որ նույնիսկ տառապանքի մեջ դու կարող ես գտնել ներշնչանք` օգնելու մարդկանց, որոնք անցնում են նման դժվարությունների միջով: Ես շատ շնորհակալ եմ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանն արժանանալու համար եւ ոգեւորված, որ ունեմ հնարավորություն՝ օգնելու պատերազմից տուժած արցախցիներին»,- ասաց Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն:

2021 թ. դեկտեմբերի 12-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Երեւանում կազմակերպեցին Սուրբծննդյան տոնավաճառ: Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25.000 ԱՄՆ դոլար, նվիրաբերվում է Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցությանը։ «Ավրորան» այս միջոցները կուղղի նրանց սննդի ապահովմանը. ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր եւ այլն) կտրամադրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Բացի այդ, կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու: Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3.200 մարդ: Այն կիրականացնի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը:

Արցախի օգնության ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 1.740.000 ԱՄՆ դոլար (900 մլն ՀՀ դրամ) է տրամադրել՝ աջակցելով Արցախում իրականացվող տեղական եւ միջազգային գործընկերների 80 նախագծի, տարածաշրջանում օգնելով 131.000 մարդու: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բոլոր ծրագրերից օգտվել է ավելի քան 2.600.000 մարդ ամբողջ աշխարհում:  Իրավիճակը բարեփոխելու եւ «Ավրորայի»՝ մարդասիրության շղթային միանալու համար կարող եք նվիրաբերել այստեղ:

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

 «Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31