Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. Ռուբեն Ալթունյանի կերպարը նվիրյալի կերպար էր

Հունվար 20,2022 13:08

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հերթական գեղեցիկ համերգը նվիրված էր կոմպոզիտոր, ալտահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ալթունյանի հիշատակին:

Համերգից առաջ ներկայացվեց Ռուբեն Ալթունյանի դերակատարությունը՝ իբրեւ կոմպոզիտոր եւ մշակութային գործիչ, թողած ժառանգությունը: Նշվեց, որ նա Հայաստանից զատ նաեւ Հավանայում է մասնակցել երաժշտական, կրթական գործընթացին, ստեղծել է ուսումնական ծրագրեր՝ ալտի եւ կամերային անսամբլի մասնագիտությունների գծով, հեղինակել՝ ալտի երկմաս դասագիրք կուբացիների համար:

«Ռուբեն Ալթունյանին կարելի է երկար հիշել իր ապրած օրերի բոլոր գույներով, բոլոր լռություններով, որ նա գիտեր մշտապես տանել, նաեւ իր ուրախություններով, որ գիտեր վարակվել եւ վարակել»,-ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա ինքնին անսպասելի որակեց երեկոյի գոյությունը. «Որովհետեւ, երբ Ռուբենը մեզ հետ էր, որեւէ մեկի մտքով չէր անցնում հրաժեշտի խոսքեր ասել»:

Կոմպոզիտորը նշեց, որ երկար ճանապարհ է անցել Ալթունյանի հետ՝ սկսած ուսանողական տարիներից, հետո նաեւ մտերմություն է արել Ալթունյան ընտանիքի հետ. «1960 թվականին, երբ ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իմ ղեկավարը եղավ շատ սիրելի Ղազարոս Սարյանը: Իսկ հաջորդ տարին, երբ երկրորդ կուրս էի, եկավ Ռուբեն Ալթունյանը: Մենք դասարանական աշխատանքներից սկսած՝ բոլոր մանրամասներով ընկերություն ենք արել:

Ինքը մի մեծ առավելություն ուներ՝ ալտահար էր եւ իր արժանի տեղն ուներ իր կվարտետում, ուներ կվարտետի իր ընկերները: Նրանք հետաքրքիր գործունեություն էին ծավալում, որին ես իբրեւ ունկնդիր էի մասնակցում էի: Այդ տարիներին Ռուբենը գրեց իր ամենագեղեցիկ գործերից մեկը՝ Առաջին կվարտետը, որն այնքան մեծ թռիչք էր ուսանող հեղինակի համար: Ես այդ կվարտետի տպավորության տակ եմ առ այսօր»:

Տիգրան Մանսուրյանի խոսքով, Ռուբեն Ալթունյանի կերպարը նվիրյալի կերպար էր՝ իբրեւ դասախոս, երաժշտական կյանքի կազմակերպող անձնավորություն եւ իբրեւ հեղինակ:

Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ղեկավարեց դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանը: Մենակատարը տաղանդավոր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն էր: Նա վերջերս Գրան պրի է շահել World folk vision հեղինակավոր մրցույթում՝ լինելով 115 երկրների 3950 մասնակիցների թվում:

Համերգին հնչեցին Ռուբեն Ալթունյանի ու Խաչատուր Ավետիսյանի ընտրված գործերից: Համերգը եզրափակվեց կամերային Ռուբեն Ալթունյանի՝ նվագախմբի համար գրված «Խաչատրիանա» ստեղծագործությամբ, որը կատարվել է աշխարհի շատ երկրներում: Համերգին, որին փառահեղ հանդես եկան՝ եւ նվագախումբը, եւ մենակատաը, ներկա էր նաև Ալթունյանի ընտանիքը: Կոմպոզիտորի դուստրը հուզված ասաց, որ եթե հնչում են հոր ստեղծագործությունները, ուրեմն նա դեռ ողջ է եւ դահլիճում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31