Ազգային ժողովն այսօր 68 կողմ եւ 33 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ եթե ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոր թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը չէր ընտրվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ։
Քվեարկությունից առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Այս նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքի կազմակերպմանը։ Հեղինակին առաջարկել էինք ավելի հիմնավոր քննարկում անել, հակառակ դեպքում ներկայացվածն ընդդիմության պաշտոնների զավթման գործընթաց է։ Եթե ուզում ենք հարցը լուծել, հրաժարվեք այդ մտքից, դեմ քվեարկեք, նստենք, քննարկենք հարցը։ Հակառակ դեպքում կստացվի, որ այդ պաշտոնն ընդդիմությունից խլելու համար եք այս փոփոխությունն արել»։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսպես պատասխանեց․ «Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում մենք թեկնածու չենք առաջադրելու։ Անհիմն է ձեր պնդումը, թե ուզում ենք զավթել այդ պաշտոնը։ Սա անում ենք նրա համար, որ ընդդիմությունը քաղաքական շոուներ անելով՝ չփորձի խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը»։
Կարդացեք նաև
Մինասյանը չհամաձայնեց․ «Մեր գործողությունները երբեք շոուի տարրեր չեն պարունակել։ Հակառակը, Արթուր Ղազինյանի թեկնածության վերաբերյալ հրապարակային մոտեցում եք արտահայտել հանձնաժողովում, որ այդ պաշտոնն իբր թե անցել է ՔՊ-ին։ Դա արդեն ցույց է տալիս, որ զավթման գործողություն եք անում՝ ապօրինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ