«Եթե մենք իմանայինք Վալերի Պեկրեսի ապօրինի այցի մասին, նրան չէինք թույլատրի վերադառնալ Ղարաբաղից»,- նման հայտարարություն է արել Բաքվի դիկտատոր Իլհամ Ալիեւն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելեց Արցախ: Գաղտնիք չէ, որ արդեն վաղուց Արցախ այցելող օտարերկրացիներից հատկապես նրանք, ովքեր զբաղեցնում են որոշակի աստիճան եւ կարող են ներկայացնել իրականությունն արտերկրում, Ադրբեջանում ներառում են սեփական սեւ ցուցակներում: Պեկրեսը, ինչպես պարզվեց հետագայում, բացառություն չէ…
Իլհամ Ալիեւի խոսքերը վերջին մի քանի օրվա ընթացքում վրդովմունք են առաջացրել աջերի շարքում: Այցով գտնվելով Աթենքում՝ Վալերի Պեկրեսը կտրուկ է արձագանքել՝ նշելով Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հասցեին հնչեցված նման սպառնալիքի լրջությունը, թեկնածուի, որին փորձում են արգելել գնալ այնտեղ, ուր ուզում է: Երկուշաբթի «Europe 1» հեռուստատեսության եթերում Իլ դե Ֆրանսի տարածաշրջանային ղեկավարը կրկին բարձրացրել է այդ հարցը՝ քննադատելով «կառավարության մահացու լռությունը»: Նա նորմալ չի համարում, որ գործադիր իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի դատապարտել Ադրբեջանի նախագահի խոսքերը: «Կառավարություն, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, ով առաքելությամբ մեկնել է աշխարհի հեռու մի տարածաշրջան ու ենթարկվել հարձակումների… Դա սկանդալ է»,- ասել է նա ափսոսանքով:
Կիրակի JDD թերթում հրապարակվել է մի հոդված, որը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է անում արձագանքել իրավիճակին: Հոդվածի հեղինակները ֆրանսիական աջ կենտրոնամետ «Հանրապետական» կուսակցությունից Եվրախորհրդարանի սենատորներն ու պատգամավորներն են: Ինքը՝ Պեկրեսը, աջ կենտրոնամետների առաջնորդն է, որոնք ձախ կենտրոնամետ սոցիալիստների հետ արդեն մի քանի տասնամյակ նախագահներ են տալիս Ֆրանսիային:
Նրանք վրդովված են Ալիեւի հայտարարությունից, որը, նրանց կարծիքով, նման է ֆրանսիական քաղաքական գործչի դեմ ուղղված «ատելությամբ լի ոտնձգությունների» եւ գրեթե անթաքույց սպառնալիք է ֆրանսիական ժողովրդի, կառավարության եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ։ «Մենք խնդրում ենք Ֆրանսիայի անունից պաշտոնական ներողություն պահանջել Ադրբեջանից, եւ եթե այդ ներողությունները կարճ ժամկետում չստացվեն, խնդրում ենք դիտարկել մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը։ Խոսքը ֆրանսիական արժեքների, ինչպես նաեւ Ֆրանսիայի պատվի մասին է»,- ասվում է հոդվածում։
Կարդացեք նաև
Էրդողանի կողմից ֆինանսավորվող ծայրահեղ արմատական իսլամիստներն սկսում են լուրջ վտանգ ներկայացնել Ֆրանսիայի համար: Նրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն այսօր ոչ միայն Պեկրեսն է զգում, այլեւ ֆրանսիացի բոլոր քաղաքական գործիչները: Միայն այն, որ մի առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր վիրավորանք էր հասցրել Էմանուել Մակրոնին՝ ավելացնելով, որ վերջինս պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե ցանկանում է վերընտրվել, ստեղծված իրավիճակի ամենաակնառու դրսեւորումն է: Սա կարելի է դիտարկել եւ որպես ծաղր, եւ որպես պետության ներքին գործերին լկտի միջամտության փորձ: Այն, իհարկե, չէր կարող հենց այնպես ընդունվել ուժեղ պետականություն, պետական ավանդույթներ ունեցող պետության կողմից: Կարծում ենք՝ Ալիեւի հայտարարությունը «շեֆին» դուր գալու ժեստ է: Առնվազն տարօրինակ է նման սպառնալիքը Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հասցեին, որը ընդամենը հայտարարել է. «Բրյունո Ռետայոյի ու Միշել Բառնյեի հետ այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր, որպեսզի աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնմանը, Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը, հայկական հոգեւոր ժառանգության պահպանմանը»:
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: