Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում է զոհվածի կամ անհետ կորած զինծառայողի հարազատների փոխհատուցման հարցում հստակություն մտցնել․ մասնավորապես, գործող օրենքով փոխհատուցում տրվում է զոհված կամ անհետ կորած զինծառայողի կնոջը, ծնողին եւ զավակներին, մինչդեռ, ինչպես հեղինակն է նշել, 16 դեպք կա, երբ զոհված զինծառայողը ծնողազուրկ է, ամուսնացած չէ, չունի կին, երեխա․ այդ դեպքում փոխհատուցումը տրվելու է քույր-եղբայրներին՝ հավասար չափով կիսելով նրանց միջեւ ինչպես միանվագ գումարը, այնպես էլ ամսական տրվող գումարը:
Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայներով։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց․ «Այս նախագծի հետ կապված մի հետաքրքրիր պատմություն կա։ Դեռեւս նոյեմբերի կեսերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից Հովհաննես Ասատրյանը քաջություններ է արել եւ իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք։ Իհարկե, հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է, եւ անհետ կորած։ Այդ օրից սկսած՝ ես եղել եմ ընտանիքի կողքին։ Հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը»։
Պատգամավորը նշեց․ «Երկար ժամանակ կառավարության հետ փորձում էինք նրա միակ հարազատներին՝ երկու եղբայրներին դարձնել շահառու։ Նա ուներ նաեւ հոգատար հորեղբայր։ Անընդհատ պատասխան էինք ստանում, որ եղբայրները ձեռք ու ոտք ունեն՝ թող աշխատեն։ Շատ ուրախ եմ, որ կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է, եւ այս նախագծով հնարավորություն ենք տալիս, որպեսզի հիմնադրամից հնարավոր լինի օգտվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ