«Որոշ իշխանական լրատվամիջոցների եւ գործիչների համար երեկվա ելույթս առիթ է տվել այն ձեւախեղելու եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի հանդեպ արշավ սկսելու։ Հիասթափեցնեմ բոլորին։ Քննադատության սլաքն ուղղել էի ոչ թե արեւելագիտության ֆակուլտետին կամ արեւելագիտության ինստիտուտին, այլ այն ուներ քաղաքական բովանդակություն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների պատմության որոշ դրվագների մասին խոսելիս երեկ Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով որոշ իշխանական պատգամավորների, ասել էր․ «Ցավում եմ ֆակուլտետի եւ ինստիտուտի համար, որ իրենց շրջանավարտները հայ-թուրքական հարաբերությունները խորությամբ չգիտեն»։
Գեղամ Մանուկյանը պարզաբանեց․ «Արեւելագիտության ֆակուլտետը չէր կարող թիրախում հայտնվել, նախ, որովհետեւ հարազատ ֆակուլտետ է, որն ունի տասնամյակների պատմություն, որը սերունդ է կերտել, եղել արցախյան շարժման դարբնոցներից մեկը։ Այդ ֆակուլտետի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հայտնի է իր քաղաքական-քաղաքացիական կեցվածքով։ Ֆակուլտետի շատ դասախոսներ տուրք չեն տալիս քաղաքական երեսպաշտությանն ու իշխանությանը դուր գալուն եւ իրենց քաղաքացիական կեցվածքով առանձնանում են ՀՀ հասարակական, կրթական կյանքում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ