Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Բայրամովը նշել է, որ սահմանազատումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևոր տարրերից է, և Ադրբեջանը հանդես է գալիս այդ գործընթացի անհապաղ մեկնարկելու օգտին: Ըստ Բայրամովի՝ այդ հարցում Հայաստանի մոտեցումը և նախապայմանների առաջքաշումը «միանգամայն անընդունելի է»: «Գլխավոր քարտուղարին հաղորդվել է, որ Ադրբեջանը սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների սկսելու կողմնակից է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բայրամովը նաև Շմիդին տեղեկացրել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի և Հայաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին:
Նա նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ-ի հետ գործակցությանը և հետաքրքրություն է հայտնել, որպեսզի ԵԱՀԿՆ-ն մասնակցի ներկա հետպատերազմական փուլում շինարարության և վերաինտեգրման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև գործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ