Վարդան Ամալյան. արցախյան վերջին պատերազմի անմահ հերոս: Երազանքներ շատ ուներ Վարդանը, որը իր անունն ստացել էր ի պատիվ Արցախյան գոյամարտի հերոս Վարդան Ստեփանյանի՝ ՀՀ ազգային հերոս Դուշման Վարդանի: Կրտսեր Վարդանը գիտեր՝ մի օր էլ ինքն է դառնալու հայրենիքի զինվորը, բայց թվում էր, թե ավարտվել է պատերազմը…
Հունվարի 18-ին լրացավ հերոսի 21-ամյակը, բայց տարեդարձը նշեցինք Եռաբլուրում, որտեղ նրա մարմինն ամփոփվեց 2020 թ. նոյեմբերի 17-ին։
Հերոսի ծննդյան օրը նաեւ նշանավորվեց նրա պատմվածքների բեմականացմամբ։ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երիտասարդ դերասանները ներկայացրին Վարդանի՝ 11-14 տարեկանում գրած 11 փոքրածավալ պատմվածքները: Ժողովածուն տպագրվել էր 2016 թ.՝ հեղինակի 15-ամյակի առթիվ։ Հայրը՝ Դավիթը, ավագ որդու ծննդյան օրվա նվերը նրա գրքույկի տպագրությամբ նշեց։ Թատրոնի դահլիճում Դավիթի ու Արմինեի հարազատներն էին, ընկերներ ու բարեկամներ, նշանավոր արվեստագետներ, հոգեւորականներ, Վարդանի ընկերները, արվեստասերներ։ Հոգեւոր հոր օրհնանքի խոսքով ու Տերունական աղոթքով ոգեկոչվեցին Անմահ հերոսները։ Այնուհետեւ ամպերի մեջ հանդես եկան Վարդանի պատմվածքների հերոսները։ 12 տարեկանում գրած «Ինչպես բոլորը գիտեն» պատմվածքում պատմում է մի մարդու մասին, ով մահից հետո հայտնվում է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։
-Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, եւ հիշողությունները ջնջվում են լիովին։
Կարդացեք նաև
-Լսիր, իսկ դա ցավո՞տ է։
-Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը… Իսկ Վարդանի 20-րդը երկնքում է անցնում։
Հայրը, ընթերցելով այս պատմվածքը, կնոջը մի քանի անգամ ասել է. «Վարդանից վախենում եմ, մենք կարող է շուտ կորցնենք էրեխուն»։ Երիտասարդ դերասանները մարմնավորեցին Վարդանի 11 պատմվածքների հերոսներին՝ բացահայտելով պատանու ներաշխարհը, որը, մեղմ ասած, այնքան էլ պատանեկան չէր։ Տարբեր են Վարդանի հերոսները, բայց ունեն ընդհանրություն՝ մարդկային լավն ու վատը, չարն ու բարին, ստորն ու վեհը միասին են։
«Վարդը, որ աճել էր բետոնի մեջ»-ը լիրիկական գործ է։ Բետոնի մեջ աճած վարդը սիրահարվում է հենց բետոնին, իսկ վերջինս մերժում է նրան։ Պատմվածքն ավարտվում է տխուր՝ վարդի ու բետոնի մահով։
Թատերական բեմականացումն ավարտվեց «Ա» պատմվածքով, որը Վարդանը գրել էր 14 տարեկանում։ Չարի ու բարու հակադրություն, պատերազմ՝ արդեն համակարգչով։ Միգուցե զգացել էր պատանին, որ այդ տիպի պատերազմում է նահատակվելու։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: