Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն ուղղակի ուզում է ժամանակ շահել, գործընթացներ է ձգձգում, որ կարողանա լուծում գտնել. Վանաձորի ավագանու անդամ. «Փաստ»

Հունվար 20,2022 10:36

«Փաստը» «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանի հետ զրուցել է ՏԻՄ ընտրություններից հետո համայնքում ստեղծված իրավիճակի մասին, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի: Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Հայրենիք» կուսակցությունը, ԱԵԿ-ը: «Լուսավոր Հայաստանը», որը չէր հաղթահարել անցողիկ շեմը, դիմել էր դատարան: Մինչ այս պահը Վանաձորում ավագանին դեռ նիստ չի կարողացել անցկացնել, քանի որ չի վերացվել դատարանի՝ նիստ հրավիրելն արգելող որոշումը։

«ԼՀԿ-ն դիմել էր դատարան՝ կապված մանդատ ստանալու, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետ: Առաջին ատյանը մերժել էր դիմումը: ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել նաև վերաքննիչ դատարան, որը ձգեց գործընթացը, ու, ի վերջո, մերժեց բողոքը: Իսկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հունվարի 17-ին նախատեսված նիստը չկայացավ այն պատճառաբանությամբ, թե իբրև կողմերից մեկին չէին կարողացել ծանուցել:

Այդ նիստը ևս երեք օրով հետաձգվեց: Իրավաբանների հետ քննարկել ենք հարցը: Այս պարագայում, եթե բողոքներ չկան, և ԼՀԿ-ին նաև վերաքննիչ դատարանն է մերժել, ըստ էության, օրենքով արգելքները հանված են համարվում: Մինչդեռ մենք, մեծ հաշվով, տեսնում ենք մի գործընթաց, ըստ որի, ՔՊ-ն ուղղակի ուզում է ժամանակ շահել, գործընթացներ է ձգձգում, որ կարողանա լուծում գտնել: Պարզից էլ պարզ է, որ եթե ՔՊ-ն այս պահին լուծում ունենար, վաղուց նիստ կգումարեր: «Հայրենիք» կուսակցությունն ու խմբակցությունը չեն պահանջում, որ պետք է կոնկրետ Մամիկոն Ասլանյանին ընտրել Վանաձորի քաղաքապետ: Մենք կանգնել ենք այդ թիմի կողքին այնքանով, որքանով վանաձորցիների մեծամասնությունն ընտրել է իրեն: Մենք կանգնել ենք վանաձորցու կողքին: Մեր պահանջը հստակ է՝ նիստ գումարել, որովհետև քաղաքում խայտառակ վիճակ է»,-ասաց Վ. Դոխոյանը:

Խոսելով ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում ստեղծված վիճակի մասին՝ Վ. Դոխոյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Այն, որ ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծամասնություն ստացավ, տարբեր պատճառներ ուներ: Բայց հավաստիացնում եմ ՝ շատ մարդիկ շատ կարճ ժամանակում փոշմանեցին, որ իրենց քվեն այս ուժին են տվել: Նշվածի վառ ապացույցը ՏԻՄ-երում իշխող ուժի պարտությունն էր: Հիմա այս ուժը հասկանում է, որ «պուլսը» կորցնում է: Թեպետ ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց ՏԻՄ-երում պարտություն կրելու դեպքում այդ ուժի վախճանն է մոտենում, այս անգամ՝ համապետական ընդհանուր մոդելում: Փաստն այն է, որ, ըստ էության, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, թե՛ Վարդենիսում, թե՛ Գորիսում, թե՛ նաև Փարաքարում պարտվել են: Այս շարքը կարելի է շարունակել, բայց ստացվում է, որ լոկալ ու փոքր վայրերում պարտություն կրելով՝ ավելի լայն իմաստով կորցնում են հենարանները, ինչը նշանակում է, որ մոտեցել է վախճանը: Սա լավ գիտակցելով՝ այսօրվա իշխող ուժը օրենքի հերն անիծելով ու ճնշումներով փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այսօր առավել մեծ խնդիրների առաջ ենք: Այս տեսանկյունից, անդրադառնալով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին՝ նա շեշտեց, որ թե՛ դիտավորությամբ, թե՛ անզգուշությամբ երկրին վնաս պատճառելն անընդունելի է:

«Այսօր կանգնած ենք նաև Սյունիքը կորցնելու վտանգի առաջ: Այսօր կանգնած ենք նաև տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Մեծ հաշվով՝ ոչնչացման եզրին ենք: Մարդիկ ասում են՝ փոքր պետություն ենք, գերտերություններին մեր կամքը թելադրել չենք կարող: Համաձայն եմ, բայց ճիշտ ու ճկուն քաղաքականության արդյունքում այլ իրավիճակ կարող ենք ունենալ: Գերտերությունների շահերի բախման արդյունքում կարող ենք շահեկան վիճակում լինել: Դրա համար, սակայն, հայրենասեր, ազգը սիրող, խելացի ու ճկուն ղեկավար է անհրաժեշտ, իսկ նման մարդիկ մենք ունենք: Այս իշխանությունը տապալել է բոլոր ուղղություններն ու ոլորտները և դեռ տապալելու է: Ու խնդիրը զուտ տնտեսական չէ, որը կարելի է տարիների ընթացքում հարթել: Խոսքն անդառնալի կորուստների մասին է: Նրանց մեկ օր ավելի իշխանության մնալը մեկ նոր անդառնալի կորուստ է ավելացնում: Սա է պատճառը, երբ ասում ենք՝ այս չարիքի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա»,-եզրափակեց Վահե Դոխոյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31