Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 24-ը, ըստ էության, դարձավ Հայաստան-Արցախ ջրբաժանի սկիզբ, ինչը Ադրբեջանի տասնամյակների երազանքն էր. «Հայացք Երեւանից»

Հունվար 20,2022 09:30

Մի փոքր մանրամասնենք, թե որոնք էին Արցախի խնդրի կարգավորման փաշինյանական տեսլականն ու հայեցակարգը, ինչի մասին նա դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսում առաջին անգամ խոսեց բավական բաց տեքստով եւ իրեն հատուկ մանիպուլյատիվ շահարկումների բավական բարձր չափաբաժնով.

Ա/ Փաշինյանը շեշտում է, որ բանակցային ողջ ընթացքում երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: «ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ այնտեղ ապրել են նաեւ ադրբեջանցիներ, եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,- ասում է նա: Ստանձնելով ադրբեջանցիների իրավունքների պաշտպանի դեր, Փաշինյանը պետք է գոնե իմանար, որ բանակցային սկզբունքներում «ադրբեջանցիներ» բառեզր երբեւէ չի օգտագործվել: Թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛, ԵՄ-ի, թե՛ ՄԱԿ-ի եւ թե՛ միջազգային մյուս կառույցների բոլոր փաթեթներում օգտագործված է «փախստականներ եւ ներքին տեղահանված անձինք», եւ դա պատահական չէ: 1988թ. տվյալներով՝ ԼՂԻՄ-ի կազմում ներառված 5 վարչական միավորներից 4-ը (Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Ասկերան) զուտ հայաբնակ շրջաններ էին, հայ-ադրբեջանական խառն ազգաբնակչություն ուներ միայն Շուշիի շրջանը: Մարզում հայերը գերակշիռ մեծամասնություն էին՝ ավելի քան 70 տոկոս: Այնպես որ, Փաշինյանի տրամաբանությամբ՝ հայերը եւս նույնքան իրավունքներ ունեն վերադառնալու, օրինակ, Շահումյան, Գանձակ, Շամխոր եւ այլուր, որքան ադրբեջանցիները՝ ԼՂ: Բայց այս մասին նա լռում է:

Բ/ Պետության ղեկավարն «արդիականացնում» է 30 տարվա վաղեմության ադրբեջանական մի զավեշտալի թեզ, այն է՝ «իսկ եթե ադրբեջանցիներն էլ իրենց հերթին բարձրացնեն իրենց ինքնորոշման հարցը, ո՞ւր կհասնի…»: Բայց, կներեք, ադրբեջանցիներն իրենց երկրում ինչո՞ւ պիտի ինքնորոշման կամ անկախության հարց բարձրացնեն: Հայերի դեպքում ամեն ինչ հասկանալի է՝ նրանք Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում էին խտրականության, անարդար վերաբերմունքի, ինքնավար մարզի ազգաբնակչության նկատմամբ տասնամյակներ շարունակ կիրառվում էր ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն, եւ Արցախի հայությունը 1988-ի փետրվարին, խորհրդային գործող օրենսդրության տառին համապատասխան, մետրոպոլիայից անջատվելու ու մայր Հայաստանին միանալու որոշում է կայացնում: Լավ, իսկ մարզի ադրբեջանական համայնքն ումի՞ց պիտի անկախանար կամ՝ ո՞ւմ պիտի միանար: Բանգլադեշի՞ն:

Փաշինյանի ձեւակերպմամբ՝ ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է «որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով»: Ո՛չ: ԼՂԻՄ-ն իրականում եղել է հայկական ինքնավարություն, ցավոք, Ադրբեջանի կազմում, ընդ որում՝ Կավբյուրոյի ապօրինի որոշմամբ, որը կուսակցական մարմին էր: Իսկ այն պնդումը, թե ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է հայկական ու ադրբեջանական միավորում, դարձյալ Ադրբեջանի հին ու հնացած թեզերից է, որն, ի դեպ, պաշտոնավարման երկրորդ տարում անուղղակիորեն շրջանառության մեջ էր դրել անձամբ Փաշինյանը՝ հայկական դիվանագիտության լռելյայն համաձայնությամբ: Դրանից հետո Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը վերածվեց գործոնի, նույնիսկ նրա չճանաչված ղեկավարը հանդիպումներ ունեցավ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ: «Ինձնից առաջ բանակցողները թող ասեն՝ ԼՂ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին»,- ասուլիսում շարունակում էր գանգատվել Փաշինյանը, որին երբեք չի հետաքրքրել, թե որտեղ պետք է բնակվեին, օրինակ, Բաքվի «Էրմենիքենդ» հայկական թաղամասի բնակիչները, որոնց թվաքանակը հաստատ ԼՂ-ում բնակված ադրբեջանցիներից շատ ավելին էր:

Գ/ Խնդրո առարկա ասուլիսում «հպարտ միայնակը» պարզաբանում է, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ 2016-ին «աղետ է տեղի ունեցել» արցախյան բանակցային գործընթացում: «Աղետն», ըստ նրա, այն է, որ համանախագահների ներկայացրած առաջարկությունների 3 փաթեթում էլ, 2011-ից ի վեր առաջին անգամ, չէր ներառվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն: Փաշինյանը եզրահանգում է, որ ԼՂ կարգավիճակի վերջնական ճշգրտման հարցը ԵԱՀԿ-ից տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որը, նրա համոզմամբ, հարցը կլուծի Ադրբեջանի օգտին, քանզի ավելի վաղ՝ 1993 թվականին ընդունած բանաձեւերում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Շատ վառ երեւակայություն պետք է ունենալ սա «աղետ» որակելու համար: Նախ՝ ԵԱՀԿ-ն, ինչպես վկայում են շատ փորձագետներ, իր մանդատը երբեք ո՛չ ՄԱԿ-ին, ո՛չ այլ կառույցի չի փոխանցել: Եվ երկրորդ՝ Արցախի ժամանակավոր կարգավիճակը նկարագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բոլոր փաստաթղթերում՝ որպես կարգավորման երեք անփոփոխ տարրերից մեկը եւ հնչում է հետեւյալ կերպ. «Մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ն կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ»: Կրկնենք՝ այս ձեւակերպումն առկա է կարգավորման բացառապես բոլոր առաջարկներում:

Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչպես կարող է միջնորդների ներկայացրած 2016-ի առաջարկություններում բացակայել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին որեւէ հիշատակում, եթե նույն Փաշինյանը երկու տարի առաջ լրիվ հակառակն էր պնդում՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի թողած արցախյան կարգավորման փաթեթում կար ԼՂ-ի միջանկյալ կարգավորման դրույթը: Այս մասին նա հայտարարել է 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում անցկացրած մամուլի ասուլիսում՝ խոսելով արցախյան բանակցություններում ՀՀ երրորդ նախագահի թողած ժառանգության մասին: «Մինչ հակամարտության վերջնական կարգավորումը Լեռնային Ղարաբաղն օժտվելու է ժամանակավոր կարգավիճակով»,- սա մեջբերում է երկու տարի առաջ գործադիրի ղեկավարի հիշյալ ասուլիսից։ Հիմա ինչպե՞ս պատահեց, որ դարձավ «աղետ»: Վերջերս հարցազրույցներից մեկում Փաշինյանի նշած «աղետին» արձագանքեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը. «2016-ին մեկ աղետ եմ տեսել՝ Արցախի 2-րդ պատերազմը, որը մենք ջախջախեցինք… թշնամու նպատակը որեւէ ձեւով չէր տարբերվում 2020թ. պատերազմի նպատակներից, ուղղակի այն ժամանակ չստացվեց, իսկ 2020-ին հաջողվեց։ Բայց ապրիլյան պատերազմը եղել է մեր փայլուն հաղթանակներից մեկը»,- ասել է Բաբայանը՝ «քար» նետելով Փաշինյանի կողմը:

Սա Հայաստանի ղեկավարության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ասուլիսային «դավաճանության» դեմ Արցախի քաղաքական էլիտայի ընդվզման շարունակությունն էր, որին նախորդել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Ազգային ժողովի, ԱԳ նախարարության, պետական այլ գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները եւ հանրային-քաղաքական շրջանակների սուր արձագանքները: «Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, եւ արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու՝ անկախ որեւէ մեկի կամքից ու կարծիքից,- նշել է Հարությունյանը: «Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու»,- միաձայն եւ բավական կտրուկ արձանագրել է ԱՀ խորհրդարանը։ ԱԳ նախարարությունն էլ, իր հերթին, նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, «երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքներից, որոնք ներկայումս օկուպացված են Ադրբեջանի կողմից»։

Այսպիսով՝ դեկտեմբերի 24-ը, ըստ էության, դարձավ Հայաստան-Արցախ ջրբաժանի սկիզբ, ինչը Ադրբեջանի տասնամյակների երազանքն էր: Այդ օրերին Արցախում արտառոց իրավիճակ էր, որը չէր վրիպել հայաստանյան մամուլի ուշադրությունից: «Հրապարակի» դիտարկմամբ՝ եթե Հարությունյանն ի զորու գտնվի համաարցախյան ցասումի այդ վիճակը տանել մինչեւ վերջ, Փաշինյանի մերժման գործընթացը կարող է սկսվել Արցախից: Շուրջ երեքուկես տասնամյակ անցնելով Արցախյան շարժման, պայքարի ու պատերազմների քուրայով, ազատատենչ արցախցիների ինքնասիրությունը խոցել էր հատկապես առցանց ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե իր ստացած բանակցային ժառանգության հենքին չի կարող ասել, որ Արցախը հայկական է: Ընդ որում՝ առանց հրապարակելու ասածը հաստատող որեւէ փաստաթուղթ, որպեսզի հայտարարությունը չընկալվեր իբրեւ Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր:

… Ասուլիսային դրվագներից մեկում Փաշինյանը փորձում է համոզել «մոլորված» հանրությանը, որ հողերը վերադարձնելու՝ իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն են: «Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու համար, եւ դա կլինի լեգիտիմ մեղադրանք… պետք էր ուղղակի հանձնել էդ հողերը, էդ տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ էն մեղադրանքը, թե ես հանձնել եմ հողերը, բացարձակ… (երեւի ուզում էր ասել՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց միտքը կիսատ է թողնում-Գ.Բ.) ընդհակառակը, հենց չեմ հանձնել՝ էդ ա լեգիտիմ մեղադրանք: Բայց չեմ հանձնել՝ ինչի՞ համար, որովհետեւ… իսկ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց: Ըստ էության, ոչ մի բան»:

Եթե դուք բան հասկացաք, ասացեք՝ ես էլ հասկանամ: Միայն ենթադրում եմ, որ հանրությունը դեռ պետք է շնորհակալություն հայտնի հողերը ոչ թե հենց այնպես, այլ կռվով հանձնելու համար:

Գեւորգ Բրուտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31