Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն արհեստավարժության

Հունվար 20,2022 10:00

Վերջերս վերընթերցեցի 1998թ.-ին «Առավոտում» հրապարակված մի նյութ՝ այն ժամանակվա ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանի մասին: Նյութը գրված է թեթեւ հումորով, բայց պարոն Սանդոյանը ոչ միայն չնեղացավ դրանից, այլեւ հակառակը՝ այն ժամանակվանից մինչեւ այս պահը բարեկամական հարաբերություններ է պահպանում թե՛ հոդվածի հեղինակի, եւ թե՛ մեր թերթի հետ:

Պատկերացնում եմ, որ եթե հիմա նման նյութ հրապարակվեր որեւէ նախարարի մասին. իշխանավորները նույն պահին կհայտարարեին, որ նրանք գիտեն, թե ում պատվերն է դա, իսկ նրանց համակրող օգտատերերը կգրեին՝ «du el es caxvel qochin»: Եթե հոդվածը գրվեր ընդդիմադիր պատգամավորի մասին, ապա արձագանքը նույնատիպ կլիներ, բայց դավադրապաշտության, կասկածամտության եւ պարանոյայի արդեն «հակառակ» դրսեւորումներով:

Շատերը, երեւի, կհիշեն, որ 1998-ի իշխանափոխությունից հետո ձեւավորվել էր «արհեստավարժների կառավարություն», այսինքն՝ նախարար էին դարձել  հիմնականում չկուսակցականացված մասնագետներ (Սանդոյանը՝ նրանց թվում): Մենք հեգնանքով էինք վերաբերվում նման նախագծին, եւ հիմա էլ, ճիշտն ասած, ես կարծում եմ, որ դա կարող է լինել զուտ ժամանակավոր լուծում: Նախարարները պետք է իրականացնեն, կյանքի կոչեն ընտրություններում հաղթած քաղաքական ուժի գաղափարները, ծրագրերը, եւ այդ ուժը պետք է պատասխանատվություն կրի նախարարների համար: Նախարարները, հետեւաբար, պետք է քաղաքական թիմ ներկայացնեն:

Բայց քաղաքական թիմ ներկայացնելը չի նշանակում լինել տգետ, ինքնահավան, բարդույթավորված եւ, ըստ այդմ, տառապել ինքնահաստատվելու մոլուցքով: Հակառակը՝ նախարարները պետք է լինեն հնարավորինս լայնախոհ, ունենան արհեստավարժների «ուղեղային կենտրոններ», եւ իրենց ժամանակի մեծ մասը անցկացնեն ոչ թե ֆեյսբուքում իրենց մասին փիս-փիս բաներ «որսալու» եւ «հակագրոհ կազմակերպելու», այլ՝ մասնագետների հետ շփվելու վրա: Նույնն, իհարկե, վերաբերում է մնացած կարեւոր պաշտոնյաներին, ինչպես նաեւ՝ պատգամավորներին:

…Բոլոր դեպքերում մտավորական պաշտոնյաներ ունենալը լավ է՝ նրանք զուրկ են «քառակուսիությունից», դոգմատիզմից, որոնք սովորաբար հատուկ են քաղաքական գործիչներին եւ նրանց չափից դուրս խանդավառ ադեպտներին: 2018 թվականից հետո իշխանության մեջ հայտնվեցին մի շարք ինտելեկտուալներ (եթե «մտավորական» բառը ձեզ դուր չի գալիս)՝ Դավիթ Անանյան, Սմբատ Գոգյան, Սարհատ Պետրոսյան եւ ուրիշներ. նրանք, ինչպես եւ ես, մտածում էին, որ հեղափոխությունը շանս է տալիս դուրս գալու «հետխորհրդային ճահճից»: Այժմ այդ մարդիկ իշխանության մեջ չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Աղքատները աշխատում ու աշխատում են («պախատ» են անում):
    Հարուստները շահագործում են աղքատներին:
    Զինվորը երկուսին էլ պաշտպանում է։
    Երեքի համար էլ վճարում է հարկատուն ։
    Բանկիրը չորսին էլ թալանում է:
    Փաստաբանը հինգին էլ խաբում է:
    Բժիշկը վեցին էլ վճարի հաշիվ է ներկայացնում:
    Ավազակը յոթին էլ ահաբեկում է ։
    Քաղաքական գործիչն ապրում է ութի (բոլորի) հաշվին:
    Մարկուս Տուլիուս Կիկերոն (Ցիցերոն) ‎
    մ. թ. ա. 43 թ.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31