Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժից» գնված դանակի համար երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել, դատավճիռ կայացվել

Հունվար 20,2022 14:00

Վահագնը դատարանում հայտնել էր, որ այն գնել է՝ որպես հուշանվեր, երբեք որսորդությամբ չի զբաղվել, իր շրջապատում էլ գրչի մարդիկ են, ոչ որսորդներ

2021թ. օգոստոսի 25-ին Վահագն Բունիաթյանը գնացել է «Վերնիսաժ» հայտնի բացօթյա տոնավաճառ, գնել ռուսական գործարանային արտադրության «ВОЛК сталь» որսորդական դանակ: Գնացել է աշխատավայր: Ապա «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահ, որպեսզի գնա «Երիտասարդական» կայարան:

Մետրոյի «Բարեկամություն» կայարանում ոստիկանները նրան կանգնեցրել են, հրավիրել մետրոպոլիտենի պահպանության բաժին: Ոստիկաններն ապօինի խուզարկել են Վահագնի ուսապարկը, պայուսակից հանել են որսորդական դանակն ու հոգեբանական ճնշում գործադրելով երիտասարդի վրա՝ ահաբեկել են, սպառնալով, թե՝ դանակ տեղափոխելը քրեորեն հետապնդելի արարք է, եւ նրան սպառնում է ազատազրկման ձեւով պատիժ: Վահագնը հասկացրել է, որ հրապարակային գործող, բացօթյա, վերահսկվող տարածքի վաճառքում դրված իրը, ապրանքը, դանակը, հուշանվերը չի կարող իր՝ գնորդի, սպառողի համար քրեորեն հետապնդելի արարք լինի, սակայն ոստիկանները նրան հորդորել են. «Այ, եթե դանակը թողնես այստեղ, ստորագրես արձանագրությունը, դու ազատ ես»: Վահագնը պատրաստակամություն է հայտնել թողնել դանակը, ստորագրել արձանագրությունը, քանի որ շտապում էր աշխատատեղ:

Հետագայում Վահագնը իմացել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով՝ «Վահագն Բունիաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի օգոստոսի 25-ին «Բարեկամություն» կայարանում իր մոտ գտնվող ուսապարկի մեջ ապօրինի կերպով կրել է «ВОЛК» ապրանքանիշի, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ»: Նաեւ տեղեկացել է, որ խախտել է ՀՀ «Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի Ե կետի պահանջները:

Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Վահանգնի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նրա մեղադրական եզրակացության. «Վահագն Բունիաթյանն ամբողջությամբ ընդունել է մեղքը եւ զղջացել կատարվածի համար»:

Ի դեպ, Քրեական օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Մինչդեռ, մեղադրանք է առաջադրվել առաջին մասով, ուր գրված է. «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրացանից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսավոր հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է»: Ըստ Բունիաթյանների՝ «Բնավ պարզ չէ, թե ինչ կարող է ենթադրել «ապօրինի» բառն այն դեպքում, երբ «Վերնիսաժ» տոնավաճռում, «Լիստ.ամ» կայքում ազատ վաճառվում են գործարանային արտադրության որսորդական դանակներ, իսկ վաճառողները ՀԴՄ են խփում սառը զենք վաճառելիս: Ընդ որում, ամեն օր այդ սառը զենքը վաճառվում է ոստիկանների, իրավապահների, այլ անձանց ներկայությամբ»:

Սրանով, իհարկե, չավարտվեց Վահագնի գործը:

«Դարի գործը» մեղադրական եզրակացությամբ սեպտեմբերի քսանյոթին ուղարկվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Շենգավիթ նստավայր:

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ լսվեց գործը, հրապարակվեց դատավճիռը: Մեղադրանքը պաշտպանել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ. Փայտյանը:

Դատարանը ոչ մի անգամ չդատված անձին, անբասիր նկարագիր ունեցող երիտասարդին դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Վահագնի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ որսորդական դանակն իր պատյանով գտնվելիս է եղել Վահագնի ուսապարկի հատակում, դանակի վրա կային այլ իրեր, բնականաբար, ուսապարկը նրա մեջքին էր՝ երկու ուսագոտիով: Դանակն ըստ էության չէր կարող «ինքնագործունեություն» ծավալել, վտանգ ներկայացնել, ինչպես եւ իր տերը, չէր կարող «հանցավոր մտադրություն» ունենալ: Այսինքն, դանակ-հուշանվերը գնվելու պահից հետո ձեռքին պահելու համար հասանելի չի եղել:

Դատարանը չգնահատեց ոստիկանների գործողությունները, երիտասարդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելը, սպառնալը, տասնմեկ հազար դրամով հուշանվերը հենց այնպես թողնվել է նրանց, քաշքշուկից խուսափելու համար, ոստիկանների՝ իրենց լիազորությունների սահմաններից դուրս գալու հանգամանքը: Կա՞ արդյոք, պաշտոնական լիազորությունների չարաշահում նաեւ դատավորի կողմից, պաշտպանական կողմի կարծիքով՝ միանշանակ այո:

Դատարանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից երկուսին, այն է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու առումով որեւէ նշանակություն չունի, թե անձն այդ զենքը գնել է հանրային առեւտրի վայրից, գտել է, նվեր է ստացել կամ ձեռք է բերել ցանկացած այլ եղանակով։ Այլ կերպ ասած, արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակելու համար զենքի ձեռքբերման աղբյուրը որեւէ նշանակություն չունի (տես Վարդան Աղաջանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0345/01/09ՎԲ-223/06 որոշման 12-14 կետերը)»։ Նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը. «Սառը զենքի ապօրինի կրում է համարվում դրա գտնվելը հագուստի մեջ կամ անմիջականորեն անձի մարմնի վրա, ինչպես նաեւ դրանց գտնվելը ձեռքի պայուսակում, կապոցում, այլ պահոցներում, այսինքն` զենք կրելու տակ պետք է նկատի ունենալ այն դեպքերը, երբ զենքը գտնվում է հանցավորի մոտ» (տես Արման Խաչատրյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՎԲ-223/06 որոշումը)»:

Ի դեպ, հուշանվեր-դանակն արժեցել է 11.000 ՀՀ դրամ, ընդհանուր 30 սմ երկարությամբ էր, 12 սմ երկարությամբ բռնակով եւ 18 սմ երկարությամբ շեղբով եւ իր պատյանով:

Դատարանը Վահագնին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, իսկ երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ պաշտպանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ուր հունվարի 27-ին, ժամը 15.00-ին նշանակվել է նրա բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Դատարանը քննարկելով իրեղեն ապացույցների տնօրինման հարցը՝ գտել է, որ այս գործով իրեղեն ապացույց ճանաչված, քրեական գործին կցված՝ «ВОЛК сталь» ապրանքանիշի դանակը պետք է ոչնչացնել, իսկ խափանման միջոցի հարցը դեռ մնացել է անփոփոխ:

«Առավոտ» օրաթերթ
19.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Զգուշացե´ք։ Անմեղ մարդու գլխին ամեն րոպե կարող են գործ սարքել, իսկ դու ոչ մի կերպ չես կարող ապացուցել քո անմեղությունը։ Սա ի՞նչ իրականություն է։ Էս որտ՞եղ ենք մենք ապրում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31