Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աստված պահապան, զավակս: Գնա խաղաղությամբ»

Հունվար 20,2022 13:30

Հունվարի 18-ին գյումրեցի գրող, հրապարակագիր, գեղանկարիչ, ազատամարտիկ, «Լիզբոնի իմ ընկերները» գրքի հեղինակ Արա Նախշքարյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք «Լիբանանի մեկ օրս՝ 100 տարի» գրքից մի հատված:

Կաթողիկոսարանի ընդունարանում ծանոթացա դիվանապետ Խաչիկ Տէտէյեանի հետ: Վերջինս ընկերներիս խնդրանքով կազմակերպել էր իմ եւ Վեհափառի հանդիպումը, որին սպասում էի եւ արդեն հաշվում էի այդ բաղձալի րոպեները: Քարտուղարությունում տեղեկացրին, որ արդեն կարող եմ հանդիպել Վեհափառին, բայց միայն 5 րոպեով: Պատասխանեցի, որ 5 րոպեն ինձ համար բավական է՝ միայն գիրք նվիրելու եւ օրհնություն ստանալու համար: Սրտիս զարկերն արագացան, տրամադրությունս փոխվեց: Արդեն հասկանում էի, որ պիտի հանդիպեմ մեկին, ով իր պատկառելի կեցվածքով ինձ համար մշտապես ոգեւորության աղբյուր է հանդիսացել: Սարկավագի ուղեկցությամբ բարձրացանք երկրորդ հարկ ու մոտեցանք Վեհափառի աշխատասենյակի դռանը: Դուռը թակելուց հետո ներս մտավ սարկավագն ու հայտնեց, որ ես արդեն այստեղ եմ ու արդյոք կարո՞ղ եմ ներս մտնել: Հավանություն ստանալուց հետո սարկավագը հաղորդեց, որ Վեհափառը սպասում է Ձեզ…

-Աստված օգնական, Վեհափառ, -ասացի ես ու մոտեցա Վեհափառին՝ խոնարհվելու համար այդ Մեծության օծյալ Աջին:

-Աստված պահապան: -Հետեւեց Վեհափառի պատասխանը: -Ուրկե՞ գուկաս… շարունակեց նա:

-Հայաստանից եմ, Վեհափառ, Գյումրիից, այլ կերպ ասած՝ Կումայրի: Ես անցած տարի համայն հայության օժանդակությամբ կազմակերպեցի Լիզբոնի տղաների նահատակության 30-ամյակին նվիրված «Լիզբոնի իմ ընկերները» գրքույկի լույսընծայումը: Եվ որը տպագրվեց 3000 օրինակով (մեկ տարի անց Հրաչ Ճապրաեանի մեկենասությամբ վերահրատարակվեց եւ ընդհանուր թվով 4750 օրինակ կազմեց) ու տարածվեց աշխարհի մոտ 30 երկրներում: Հիմա գրքույկից մեկ օրինակ բերել եմ: Բերել եմ, որ անձամբ նվիրեմ Ձեզ, ստանամ Հայրական օրհնությունն ու հեռանամ, Վեհափառ,- գիրքը մեկնելով Վեհափառին՝ խոսեցի ես: Գրքի հետ Վեհափառին նվիրեցի նաեւ գուսան Հայկազունու երգերի ձայնասկավառակն ու Սահակ Սահակյանի «ԼՈՒՍԱԿՆ» ամսագրի վերջին համարը:

Վեհափառը վերցրեց գիրքը, սկսեց աջ ու ձախ պտտել: Թերթեց: Նայեց լուսանկերներն ու նյութը: Ապա, հայացքը կտրելով գրքից, հարցրեց.

-Ասոնք քո ընկերնե՞րն են:

Դեմքի խորհրդավոր հայացքի տակ ես հասկացա, որ Վեհափառը հենց այնպես չհարցրեց: Ինչ-որ բան ուզում էր ճշտել: Ուզում էր հասկանալ, թե ես ինչքան եմ տիրապետում ինձ համար արդեն վաղո՛ւց հարազատ դարձած ընկերներիս:

-Այո, Վեհափառ, իմ ընկերներն են: Ասեմ ավելին, նրանք իմ հարազատներն են, ու ես մշտապես կարոտում եմ նրանց, թեպետ երբեք չեմ տեսել: Փոքր էի, պատանի, հիշում եմ, որ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի այս պայծառ տղաների մասին: Ծանոթացա գործին ու հավանեցի, սիրեցի, տարվեցի նրանցով ու այդ օրից սկսած՝ ես ամեն տարի իրենց հիշատակման օրը ինչ-որ նախաձեռնությամբ էի ներկայանում: Այս հոբելյանական տարում որոշեցի, որ պիտի առաջարկեմ համայն հայության սեղանին դնել հայոց նորագույն ազատագրական պայքարի այս հրաշք քրմերի մասին պատմող գրքույկը՝ այն համարելով հայոց Աստվածաշնչի մի գտնված գլուխը:

Վեհափառը, որ մինչ այդ դեռ քրքրում էր գրքույկը, հանկարծ նայեց աչքերիս:
-Դու ո՞վ ես…
-Արա Նախշքարյան, մի շատ սովորական հայ երիտասարդ, որ ամեն օր ապրում է հայրենիքով:
-Ի՞նչ զբաղմունք ունիս:
-Աշխատում եմ դպրոցում, Վեհափա՜ռ: Ունեմ նաեւ իմ սեփական կայքէջը, ավելի ճիշտ՝ համացանցային օրագիրը, որտեղից ամեն օր մատուցում եմ ազգայինը, իմ կարծիքով, ուսուցողական ու ճանաչողական ազգային դիմագիծ ունեցող նյութեր:

Վեհափառը միացրեց իր ձեռքի համակարգիչն ու խնդրեց, որ հասցեն ասեմ:
-nakhshkaryan.blogspot.com:
-Հավանաբար դժվարացավ հասցեն հավաքելու մեջ ու համակարգիչը մոտեցրեց ինձ, որ ես փորձեմ:

Մատի դանդաղ հպումով թերթում էր կայքիս նյութերը: Վեր ու վար անում էջը, մտնում բաժիններ ու արագ ծանոթանալով վերնագրերին՝ թերթում էր մեկ այլ բաժինը դիտելու համար:

-Ինձանից նյութեր կա՞ն կայքում…
-Այո, Վեհափառ, բայց միայն ազգային ոգի ներշնչող Ձեր պատգամ-քարոզները: Քրիստոնեական բաժնին չեմ անդրադարձել կամ շատ հպանցիկ եմ ներկայացրել…
-Ի՞նչ ընտանիք ունիս…
-Հայրս 88-ի երկրաշարժին զոհվեց, ունեմ մայր ու եղբայր: Ամուսնացած եմ եւ ունեմ երկու զավակ՝ տղա ու աղջիկ: Ապրում ենք հայի շատ սովորական կյանքով:

Զրույցը տաքացել էր, ու չհասկացանք, թե ինչպես անցան ինձ համար այդ 40 հավերժական րոպեները: Վեհափառն ուրիշ հանդիպումներ էլ ուներ, ու ես արդեն պիտի դուրս գայի՝ չխանգարելու այդ Վեհ Մարդուն աշխատելիս:

-Երկու օրից մեկնում եմ Հայաստան: Այսինքն՝ վերադառնում եմ հայրենիք, Վեհափա՜ռ, ինձ հետ տանելով իմ ամենանվիրական երեք երազանքները: Ձեզ տեսնելուց հետո այլեւս կարող եմ ասել, որ երեք փափագներս էլ կատարված են: Այն էր՝ խոնարհվել Լիզբոնի տղերքի պանթեոնին, այցելել Այնճար ու հանդիպել Վեհափառին:

Այս լսելուն պես Վեհափառը ժպտաց:
-Աստված պահապան, զավակս: Գնա խաղաղությամբ:

Դուրս գալուց վայրկյաններ առաջ մտքումս արտաբերեցի Հովհ. Թումանյանի «Երկու Հայր» պատմվածքն ու նայելով Վեհափառի աչքերին, որ արդեն մոտեցել էր աշխատասենյակի դռներին ու հայացքով ճանապարհում էր ինձ ու Հայրական օրհնանքն էր փոխանցում, ասացի այդ մասին եւ ժպտացող հայացքով նայեցի պայծառ դեմքին:

«Առավոտ» օրաթերթ
19.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31