Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն ինչում անհրաժեշտ է նպատակային կառավարման գործոնը»

Հունվար 20,2022 13:00

Հարցազրույց ճանաչված դիրիժոր Մարկ Կիսոցիի (Շվեյցարիա) հետ

– Մաեստրո, Երեւանի օպերային թատրոնում առաջին անգամ ձեզ հանդիպեցինք 2014թ. Վերդիի «Աիդա» օպերան ղեկավարելիս։ Հետո, տարիներ անց վարեցիք նույն կոմպոզիտորի «Տրուբադուրը»։ Հիմա էլ, հունվարի 19-ին, Բիզեի «Կարմենն» եք ղեկավարելու։ Ըստ էության, մեր հանդիսատեսը բնականաբար ոչ լիարժեք, բայց ինչ-որ չափով արդեն ծանոթ է ձեր արվեստին։ Իսկ մինչ ձեր ժամանումը Երեւան, շուրջ մեկ շաբաթ առաջ սպառվել են «Կարմենի» բոլոր տոմսերը, ինչը խոսուն փաստ է…

– Երեւանում եմ արդեն 4-5 օր եւ տեղեկացված եմ այդ մասին։ Ցանկացած արվեստագետի համար դա միանշանակ հաճելի է։ Ի դեպ, հաճույքով ընդունեցի նաեւ ձեր թատրոնի հերթական հրավերը։ Մանրամասնեմ՝ ինչու։ Ցյուրիխի Արվեստի համալսարանում, որտեղ դասավանդում եմ, ունենք հայազգի ուսանողներ, որոնք իսկապես տարբերվում են այլազգիներից ոչ միայն իրենց ուսումնատենչությամբ, այլ պարզապես հիանալի անձնավորություններ են, լավ ու բարի մարդիկ։ Երբ առաջին անգամ Հայաստանից ստացա հրավեր, ինչի մասին հայտնեցի նրանց, պետք է տեսնեիք՝ ի՜նչ ոգեւորություն ապրեցին… Եթե կարճ ասեմ, ապա այո, ինձ ձգում է հայերի տեսակը, մարդամոտ եք, ջերմ, կատակելու ժամանակ կատակում եք, աշխատանքի ժամանակ ինքնամոռաց նվիրվում… Այն, որ ձեր թատրոնն ունի հիանալի նվագախումբ, դա միանշանակ է։ Խնդրում եմ սա չընկալել իբրեւ հաճոյախոսություն։ Երգչախումբն էլ բարձրության վրա է, իսկ թե ի՜նչ ձայներ ունեք, սա արդեն բառերով չես նկարագրի։ «Կարմենում» զբաղված մեներգիչներից թեեւ ոմանք ինձ անծանոթ են, բայց միեւնույն է՝ կես խոսքից հասկանում ենք միմյանց, ափսոս, որ փորձերն են քիչ։ Մեներգիչների հետ, բացի իրենց դերերգից, նաեւ ուշադրություն ենք դարձնում ֆրանսերենի ճիշտ արտաբերմանը… Չէ, չէ,ես գոհ եմ։

– Դուք գոհ եք նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների հետ աշխատանքից, ինչը հաճելի է լսել։ Ու թեեւ մենք երբեք նույնանուն բեմադրությունները, կոնկրետ խոսքը «Կարմենի» մասին է, ռեժիսուրայի իմաստով համեմատելը ճիշտ չենք համարում, այդուհանդերձ, թեկուզ բացառության կարգով, կուզեինք լսել ձեր կարծիքը երեւանյան ժամանակակից ռեժիսուրայով արված այս բեմադրության մասին։

– Ժամանակակից ռեժիսուրայով ներկայացումների շուրջ տարակարծությունները անպակաս են, իսկ դրանք մեկը, երկուսը, երեքը, չորսը չեն։ Ես, օրինակ, երեւանյան «Աիդայի» բեմադրությունն էլ եմ համարում հաջողված, հիմա արդեն «Կարմենն» էլ։ Ընդ որում, հաճույքով եմ համագործակցում բեմադրության ռեժիսորի՝ Նաիրե Ստեփանյանի հետ։

– Այնուամենայնիվ, դուք մեծ հաշվով դասակա՞ն, թե՞ ժամանակակից ռեժիսուրայով իրականացված բեմադրությունների կողմնակից եք։

– Իսկապես չեմ կարող կոնկրետ պատասխանել։ Գտնում եմ, որ ժամանակակից բեմադրություններ, թեկուզ ասենք՝ դասական օպերային արվեստի ոլորտում, պետք է լինեն։ Հնարավոր է, որ ժամանակի հրամայական է, բայց ինչքան կյանք կունենան այդ բեմադրությունները, դա էլ հավատացնում եմ՝ միանշանակ կախված է հանդիսատեսից։ Բերեմ հենց ձեր «Կարմենի» օրինակը։ Ինձ տեղեկացրին, որ այս ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2018թ.։ Փաստորեն, շուրջ 3 տարի է, հաշվում եմ նաեւ համավարակի ընթացքում սահմանափակումները, այդ թվում թատրոնների փակ լինելը եւ այլն, բայց հիմա տեսնում եք արդեն տոմսերը սպառված են… Ուրեմն հանդիսատեսի կողմից այն ընդունված է։

– Մաեստրո, արեւմտյան մամուլում «փնտրելով» ձեզ, հաճախ ենք հանդիպում հետեւյալ բնորոշմանը՝ միջազգայնորեն ճանաչված, որպես արտասովոր բազմակողմանիությամբ եւ խորաթափանցությամբ արվեստագետ։ Հասկանալի է, որ դա վերաբերում է երաժշտարվեստի ձեր բազմաժանր գործունեությանը (սիմֆոնիկ երաժշտություն, ժամանակակից անսամբլների, օպերայի, օպերետի, փոփ երաժշտության կատարումներ եւ այլն)։ Ինչպե՞ս եք տեղավորվում ժամանակի մեջ։

– Ամեն ինչում անհրաժեշտ է նպատակային կառավարման գործոնը։ Կառավարում են երկիրը, մշակութային օջախները, բիզնեսը… Ես էլ ճիշտ կառավարում եմ իմ ժամանակը։ Իհարկե, դա եկել է արդեն տասնամյակների փորձառության շնորհիվ։ Պետք է ու անհրաժեշտ, որ ժամանակի կառավարման համար ունենալ արվեստին խթանող միջավայր, բնականաբար՝ բանիմաց մարդկանցով։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ տեսարաններ հունվարի 19-ին կայացած «Կարմեն» օպերայից:

«Առավոտ» օրաթերթ
19.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31