27-ամյա Աստղիկը խանութից գնել է երկարաճիտ կոշիկ ու մեկ շաբաթ անց նկատել, որ կողքից պոկվել է, կաշին պլոկվել, ուստի որոշել էր վերադարձնել: «Սկզբում ինձ ասացին, որ կոշիկը իրենց մոտից չէ, կտրոն ուզեցին, բայց ես չունեի, որովհետեւ չէին տվել, ես էլ միամտաբար չէի պահանջել: Մի կերպ տեսախցիկի նկարածով ապացուցեցինք, որ իրենցն է: Հետո էլ թե՝ գուցե ես եմ անփույթ հագել: Դա ինձ ավելի զայրացրեց. ի՞նչ պիտի արած լինեի, որ այդ օրն ընկներ»,- պատմում է Աստղիկը:
«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»,- այս արտահայտությունը հաճախ կարելի է տեսնել խանութների ցուցափեղկերին, չնայած նրան, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը հստակ ամրագրում է քաղաքացիների իրավունքները:
Մասնավորապես՝ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ
ա) ապրանքի թերությունների անհայտուց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում,
բ) գնման գնի համաչափ իջեցում,
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում,
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում՝ գնման գնի համապատասխան վերահաշվարկով,
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետեւանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում:
Փաստորեն, չնայած նրան, որ ըստ օրենքի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնել, միեւնույն է՝ կան շատ խանութներ, որոնք խախտում են օրենքը:
Կարդացեք նաև
Աստղիկը իրազեկված լինելով՝ փորձել է օրենքի սահմաններում վերադարձնել, սակայն վաճառակետը մերժել է, ասելով, որ «օրենքը իրենց չի վերաբերում»: Նրան ասել էին, որ օրենքը հնարավոր է՝ ոչ բոլոր խանութների դեպքում գործի, մինչդեռ ՀՀ օրենքները պարտադիր են բոլորի համար:
Սպառողների ասոցիացիայի փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է, որ եթե խախտվել են սպառողների իրավունքները, նրանք կարող են դիմել սպառողների պաշտպաններին, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաներին եւ հասարակական կազմակերություններին: Անորակ ապրանքների հետվերադարձով ոչ մի պետական կառույց, որպես այդպիսին, չի զբաղվում: Ապրանքի որակը ստուգելու համար, թե որտեղից է ներկրվում, ինչքանով է չափանիշներին համապատասխան եւ այլ հարցերով դիմում են Շուկայի վերահսկողական տեսչական մարմին: Կառույցի տեսուչները, ըստ սպառողի դիմումի, այցելում են վաճառակետ, որակի փաստաթուղթն են պահանջում: Ըստ էության, կառույցը զբաղվում է փաստաթղթային հարցերով, այլ ոչ թե ապրանքի վերադարձով: Ինչպես նշում է Սուզաննա Չիլինգարյանը, հագուստը ենթարկվում է փորձաքննության, սակայն չկան մասնագիտացված կենտրոններ, եւ դա իրականացնում է հենց սպառողը իր հաշվին: Փորձաքննությունը իրականացվում է Ազգային փորձաքննական բյուրոյում: Նշենք, որ Աստղիկին վերջիվերջո հաջողվել է վերադարձնել երկարաճիտ կոշիկը եւ հետ վերցնել իր գումարը:
Ռիտա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2022