Կրեմլում համարում են, որ իրենք Էրդողանի հետ պետք է «լուրջ» հարցեր քննարկեն, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախին մարդասիրական օգնություն մատակարարե՞ն
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ, օրերս առցանց ճեպազրույցում այս միտքն է արտահայտել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Մենք մտահոգված ենք, որ համանախագահների եռյակը դեռ չի կարողացել այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ նախանշել կոնկրետ միջոցներ՝ օգնելու կողմերին քաղաքացիների միջեւ կապեր հաստատելու հարցում, հումանիտար խնդիրները լուծելու համար»,-ասել է Լուկաշեւիչը, հույս հայտնելով, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին՝ Լուկաշեւիչը նշել է, որ չնայած որոշ միջադեպերին, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի ջանքերով հնարավոր է եղել տարածաշրջանում պահպանել կայունություն: Ըստ նրա՝ իրավիճակի կայունացումը թույլ է տվել անդրադառնալ այլ հարցերի՝ ճանապարհների ապաշրջափակում, «3+3» ձեւաչափով քննարկում եւ այլն:
Ռուսաստանից հնչած այս գնահատականը թվացյալ է «միամիտ», այս հայտարարության հիմքում, իրականում, խորքային պրոցեսների մասին պետք է խոսել ու այստեղ հիմնական մեղավորությունը հենց Ռուսաստանինն է:
Նախ, սկսենք նրանից, որ ուղիղ մեկ շաբաթ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ ծաղրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, ակնարկելով, թե՝ «30 տարվա ապարդյուն գործունեությունից հետո թերեւս եկել է նրանց թոշակի ուղարկելու ժամանակը»: Ի դեպ, դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակմամբ: Այսօր արդեն ԼՂ խնդիրը «լուծված» համարելով, Ալիեւն արդեն բացահայտ է խոսում ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության ոչ պիտանիության մասին:
Կարդացեք նաև
Ալիեւը մի քանի օր առաջ պնդել է, թե ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ձեւավորի իր օրակարգը. «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ, որովհետեւ այդ հակամարտությունն արդեն լուծված է։ Այդ հարցը մենք լուծել ենք նրանց փոխարեն։ Նրանք պետք է ընդունեն նոր իրողությունները, որքան էլ դա դժվար լինի իրենց համար։ Նրանք պետք է իմանան, որ դրանից հետո չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով, որովհետեւ մենք դա թույլ չենք տա։ Մենք հակամարտության կողմերից մեկն էինք։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, ապա նշանակում է՝ այլեւս տեղ չկա միջնորդության համար, եւ մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց»: Ապա` նա հավելել է, թե Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում ԵԱՀԿ ՄԽ գործունեության ցածր մակարդակը ու ակնարկել, թե ըստ իր տեղեկությունների՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ չկա նախկին միասնականությունը։ Այնուհետեւ, Ալիեւը նույնիսկ հեգնել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ ասելով, թե տեղյակ չէ, թե նրանք ինչով են զբաղվում. «Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումների, ինչպես հայտնի է՝ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին, եւ այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն»։
Ալիեւի այս ծաղրական, հանդուգն հայտարարություններից մի քանի օր անց ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, պարզվում է, լավատեսության հիմքեր է տեսնում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ, այդուամենայնիվ, կհաջողվի հակամարտության գալարագիծը հաղթահարել եւ երկխոսություն սկսել, որը կօգնի փնտրել փոխզիջումային, երկու կողմերի համար ընդունելի որոշումներ»։
Իսկ ինչո՞ւ է այնպիսի իրավիճակ ձեւավորվել, որ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը «մտահոգվել» է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում տարածաշրջան այցելել: Սրանում մեղքի իր մասնաբաժինն ունի հենց Մոսկվան: Եթե Անկարան ու Բաքուն բացահայտ են հանդես եկել ու շարունակում են հանդես գալ ընդդեմ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության, ապա Ռուսաստանի իշխանություններն իրենց գործունեությամբ սպասարկել են Անկարայի ու Բաքվի այդ օրակարգը 44-օրյա պատերազմից հետո: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, քիչ անց ռուս պաշտոնյաները սկսեցին միաբերան կրկնել, թե՝ Լեռնային Ղարաբաղի «կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային», «հիմա դրա ժամանակը չէ»: Էդ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչո՞վ պետք է զբաղվեր…
Ի գիտություն ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի, ԵԱՀԿ Մինսկի խումբը մարդասիրական հարցերով զբաղվող ձեւաչափ չի, եւ եթե Մոսկվայում ակնկալում են, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է զբաղվեն Արցախ մարդասիրական օգնության մատակարարմամբ, ապա հարկավոր չէ, որ նման օրակարգով ԵԱՀԿ Մինսկի խումբն առհասարակ այցելի տարածաշրջան:
Թե՞ Կրեմլում համարում են, որ իրենք Էրդողանի հետ պետք է «լուրջ» հարցեր քննարկեն՝ «Զանգեզուրի միջանցքը», հաղորդակցության ուղիներից ակնկալվող տնտեսական օգուտները, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախին մարդասիրական օգնություն պետք է մատակարարեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա համար չէր ստեղծված, եւ լավ կլիներ, որ Մոսկվան ամեն ինչ աներ, որպեսզի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցությամբ գործող միակ ձեւաչափը, որտեղ Մոսկվայի կարծիքի հետ դեռ շարունակում էին հաշվի նստել, թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով Մոսկվան էլ չթաղեր: Եթե Մոսկվան ջանքեր ներդներ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը իրականացներ իր իրական գործառույթները, այսօր ստիպված չէինք լինի Ռուսաստանից լսել, որ «մտահոգվել» են: Հիմա «բարձունքից» ակնարկել, թե բարդ գործը՝ խաղաղապահ առաքելությունը, մենք ենք իրականացնում, թող ԵԱՀԿ ՄԽ-ն էլ հումանիտար խնդիրներով զբաղվի՝ էժանագին ռուսական քարոզչություն է: Եվ, ի դեպ, Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունն էլ որոշ դեպքերում հարցեր է առաջացրել, քանի որ նրանց վերահսկողության գոտում հայ քաղաքացիական անձինք սպանվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողությունների արդյունքում: Վատ չէր լինի՝ ռուսական կողմը պարզաբանումներ տար, պահանջեր մեղավորներին պատժել եւ Ադրբեջանի իշխանություններից հրապարակավ բացատրություններ պահանջեր:
Իսկ ո՞վ է մեղավոր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան չի այցելում… Միացյալ Նահանգնե՞րն ու Ֆրանսիա՞ն, որոնց արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններում մշտապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կարեւորվում է, իսկ Մոսկվան վաղուց մոռացության է մատնել ԵԱՀԿ ՄԽ-ի իրական գործառույթները ու չէր էլ հիշատակում նրա մասին վերջին ամիսներին:
Իրականում, ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի հայտարարությամբ հող է նախապատրաստվում, որպեսզի Մոսկվան դարձյալ սեփական մեղքերը բարդի այլոց վրա: Քիչ անց, անտեսելով, որ պաշտոնական Երեւանը մշտապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման անհրաժեշտությունը, Ռուսաստանից կհնչեն նման մեղադրանքներ ՀՀ իշխանության հասցեին, թե՝ «քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցում է, իսկ Անկարան պահանջում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում, այլեւս հնարավոր չէ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակությունն ապահովել»:
Ռուսական իշխանությունների՝ սեփական սխալներն ու մեղավորությունն այլոց վրա բարդելու ու ամեն ինչից քրոնիկ կերպով «մտահոգվելու» գիծը զավեշտի է վերածվում: Վաղուց ժամանակն է, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան ճշգրտի, թե ուր է առհասարակ տանում Ռուսաստանը, ինչպիսի քաղաքականություն պիտի վարեն նախկին խորհրդային հանրապետությունների ու դաշնակիցների հետ: Այլապես, մեր տարածաշրջանը Թուրքիայի հետ բաժանելու պլաններում Անկարայի կողմից Մոսկվայից ընձեռած հնարավորությունը բաց չթողնելու ռուսական քաղաքական էլիտայի ձգտումն ավելի ու ավելի ակնառու է դառնում ՌԴ պաշտոնյաների հայտարարությունների ու իրագործած քայլերի համատեքստում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2022