Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչն է փոխվել. հա՜, յաթաղանը դարձավ բայրաքթար ու ֆոսֆորային զենք»

Հունվար 20,2022 15:00

Այդ հանրության հոգեվիճակը նույնն է, ո՞նց կարելի է նրան վստահել հայ երեխայի

«Բաքվի ջարդեր. Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից 1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպած եւ իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ջարդերին զոհ է գնացել 48-300 մարդ»։ Սա այն հակիրճ բնորոշումն է, որն առկա է wikipedia-ում եւ որին հաճախ հղում են անում մամուլը, քաղաքական գործիչները, անգամ՝ պետական կառույցները, եւ թվում է, թե խորհրդային Ադրբեջանում տեղի ունեցած հայերի զանգվածային ցեղասպանության մասին հենց այս բնորոշումն ու այս թիվն է, որ պետք է ասել։ Սակայն երբ զրուցում ես մասնագետների հետ, լսում փրկվածների վկայությունները, ուսումնասիրում փաստավավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ֆիլմերը, պատկերն ավելի սարսափելի է դառնում, թվերը՝ առավել եւս։ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի հետ մեր երկար զրույցի առանցքային հատվածները ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանի մասին խոսելիս պարտադիր հիշենք, որ Ադրբեջանը ստեղծվել է որպես գործիք` տարածաշրջանը վերահսկելու համար, իսկ վերահսկման եզակի միջոցը իրենք տեսել են ցեղասպանության մեջ։ Այսինքն, Ադրբեջանն ակամայից դարձել է ցեղասպանության գործիք՝ այդ պետությունը ստեղծող ուժային կենտրոնների ձեռքին։ Թուրքիան 1918թ. կոտորելով գրավեց Բաքուն, որից հետո ստեղծեց Ադրբեջանի այսպես կոչված դեմոկրատական հանրապետությունը՝ Բաքու մայրաքաղաքով, եւ նրա միակ խնդիրը տարածաշրջանի ժողովուրդների զտումն էր, թուրքացումը, իսկ որտեղ հնարավոր չէր՝ իսպառ ոչնչացումը։ Իսկ հնարավոր չէր հայերի, ռուսների, հրեաների, մասամբ՝ լեզգիների դեպքում։ Այսինքն, հիմքը սա է։

Բաքվում 1988-ի մարտից մինչեւ 1999-ի հունվարի 19-ը ընթացած հայերի ջարդերն ունեցել են չորս գագաթնակետեր, որոնցից առաջինը սկսվել է 1988 նոյեմբերից եւ տեւել մինչեւ դեկտեմբեր՝ ողջ Ադրբեջանի տարածքում։ Առաջին ջարդերը Ասկերանում եւ Կիրովաբադում փետրվարին չեն ստացվել։ Նույն ամսում անցել են Սումգայիթ։ Մեր պատմաբանների խոսքով՝ այնքան լավ էր կազմակերպված հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում, որ գագաթնակետը կայանում էր ողջ Ադրբեջանում միաժամանակ։ Այսինքն, այնպես չէ, որ մի տեղ էր կայանում։ Եթե կար Կիրովաբադում, կար նաեւ Սումգայիթում։ Կիրովաբադում, մասնավորապես, հայերը դիմադրեցին, Սումգայիթում չկարողացան։

1988թ. նոյեմբեր-դեկտեմբերին հայերի ջարդերը սկսվեցին ողջ Գարդմանքում, Գանձակում, նաեւ Բաքվում։ Երրորդը՝ 1989թ. դեկտեմբեր-հունվարի սկիզբ, 4-րդը՝ 1990 հունվարի 11-19-ը։ Դրանից հետո սկսվել է ռուսների հալածանքը։ Ադրբեջանի առաջին նախագահը 1988թ. նախօրեին հայտարարել է, որ Բաքվում 500 հազար հայ էր ապրում։ Այսինքն, Բաքվից առնվազն այդքան հայ է փախել այդ տարիներին, նաեւ՝ 300 հազարից ավելի ռուս, 70 000 պարսիկ։ Դա պարսկական մամուլի տվյալներն են։ Միայն հայերին չէ, որ մորթում էին, դա ուղղված էր նաեւ ռուսներին, հրեաներին… ուղղակի հայերին առաջին հերթին էին մորթում, որովհետեւ տարածաշրջանում տեղաբնիկները հայերն էին։ Հայերի ահռելի ջարդ տեղի ունեցավ։ Միակ սփոփանքն այն է, որ ՀՀ երկրորդ հանրապետությունը հայանպաստ, հայամետ պետական քաղաքականություն ուներ՝ ի հակադրություն երրորդ հանրապետության, որի ոչ մի իշխանավոր, ոչ մի ԱԳ նախարար կամ ԱԺ նախագահ, ոչ մի վարչապետ ոչինչ չարեցին ի նպաստ հայության։ Իսկ երկրորդ հանրապետության գերագույն խորհուրդը 1990թ. փետրվարին խիզախումի բազում քայլեր արեց, այդ թվում այն, որ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում կատարվածը բնորոշեց ցեղասպանության շարունակություն։ Գերագույն խորհուրդն առաջինը չէ, որ այդ մասին խոսեց։ Ողջ աշխարհը եւ ցեղասպանագետներն էին աղաղակում, որ Սումգայիթում, Բաքվում ցեղասպանություն է։

Կիրովաբադում, օրինակ, այսպիսի լոզունգ էր հնչում՝ «հայեր, հեռացեք Կիրովաբադից», այսինքն, շեշտվում էր ազգային հիմքը, իսկ իրավական տեսանկյունից դա արդեն իսկ ցեղասպանություն է, որովհետեւ միջազգային կոնվենցիան փաստում է ապրելու իրավունքից զրկելը։ Բաքուն ցեղասպանության ահռելի գործընթացի մի դրվագ է. ցավն այն է, որ ցեղասպանությունը չի վերջացել։ Երբ թույլ աշխարհաքաղաքական իրավիճակ էր ու սովետը գնում էր փլուզման, ցեղասպանությունը ոտքի կանգնեց, որովհետեւ կար ցեղասպանության հոգեվիճակում գտնվող հանրություն, որը ոնց կար 1905թ.-ին կամ 1918թ.-ին, երբ կանոնավոր թուրքական բանակի հետ կոտորեցին 30 000 հայի, այնպես էլ կար սովետի տարիներին։ Այդ հանրությունը ցեղասպանի հոգեվիճակից այդպես էլ դուրս չեկավ։ Ես գարդմանցի եմ եւ ցեղասպանության հետեւանքները զգացել եմ իմ ընտանիքում։ Իմ գյուղում 1969թ.-ին ջարդուփշուր են արել Բանանցից հայրենական պատերազմում զոհված որդիների հուշարձանը, որովհետեւ այն հայկական էր՝ հայկական հավերժության նշանով, արծիվով… Ադրբեջանը մի գիշերում ջարդուփշուր արեց այն, եւ դա մշակութային ցեղասպանություն է։ Սովետի տարիներին ցեղասպանությունը շարունակվել է քողարկված։ Գարդմանքը հայաթափվեց։ Վերջնական հարվածը տրվեց 1988 նոյեմբերից մինչեւ 1989թ. օգոստոս։ Այսինքն, այդ գործընթացն անընդհատ քողարկված էր իրականանում։ Այնպես որ, Բաքվում հայերի կոտորածը մի քանի օր չի տեւել։ Իրավիճակը եկավ եւ հասավ դրան։ Դրա համար պետք էր ցեղասպանի հոգեբանությամբ հանրություն եւ աշխարհաքաղաքական թույլ իրավիճակ։ Երբ ջարդարարների ոհմակները լցվեցին, Բաքվում ապրող ադրբեջանցին դեռ չէր հասկանում իրավիճակը։ Եկեք տարբերակենք այդ ադրբեջանցիներին։ Հայ ընտանիքի հարեւանը, որը սկզբից չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ինքն էլ էր սկսում հետապնդել, թալանել եւ բռնաբարել հայերին։ Ասում են, որ եղել են ադրբեջանցիներ, որոնք փրկել են հայերին։ Այդ անվան տակ պետք է փնտրել պարսիկի, լեզգիի, թալիշի… Մարդիկ ուշադրություն չեն դարձրել այս փաստին։ Այնպես որ, հայկական քաղաքական երկրորդ պետականությունը տվել է գնահատական։ Մեծ ցավով եմ նշում, որ երրորդ հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը կիսատ-պռատ բնորոշումներ են տվել, օրինակ՝ «ցեղասպանական գործողություններ»… ես խոսել եմ ցեղասպանագետների հետ. պետք չի ջուր ծեծել։ Թող գոնե կրկնեն գերագույն խորհրդի որոշումը։ Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին ԱԺ-ում լսումներ եղան, եւ անողնաշար, որեւէ բան չասող հայտարարություն կազմվեց։ 2020 թ. հունվարին, երբ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցն էր, իշխանությունը կրկին անողնաշար, որեւէ բան չասող հայտարարություններ արեց։ Այսինքն, տպավորություն է, որ երրորդ հանրապետության իշխանությունը երեսուն տարի գլխահակ կատարում է արտաքին ուժերի կամքը՝ չխոսելով Բաքվում հայերի ցեղասպանության մասին։

Ինձ ամենից շատ մտահոգում է, որ 2020թ. պատերազմի օրերին պատերազմի ճարտարապետ պետության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաձայնեց, որ կոնֆլիկտը ոչ թե տարածքային է, այլ էթնիկ։ Նա խոսեց այն մասին, որ Սումգայիթում հայերին վատ են վերաբերվել, որ վատ են վերաբերվել ԼՂ-ում, որ իշխանությունները հայերին չեն պաշտպանել, հայերն էլ զենք են վերցրել, եւ ստացվել է այն, ինչ ստացվել է…։ Մոտավոր այսպես էր ասում։ Ապշել էի… Երեսուն տարում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահը, ոչ էլ որեւէ վարչապետ այդպես համարձակ չեն ասել, որ հայերին վատ են վերաբերվել Սումգայիթում։ Նման քաղաքական կամք ունեցող որեւէ հայ իշխանավոր տեսե՞լ եք։ Ի՞նչ սպասել երրորդ հանրապետությունից, որ գնահատակա՞ն տա… ոչինչ։

Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջան պետությունն իր ցեղասպանությունը չի կասեցրել։ Հակառակը, այն թափ է ստացել, ընդ որում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Առաջին պատերազմում մենք հաղթանակել ենք ոչ թե նրա համար, որ տարածք ենք ազատագրել, այլ նրա համար, որ ցեղասպանին ենք կասեցրել ու ցեղասպանից ազատել ենք մեր կենսատարածքները։ Եթե չլիներ 1988թ. Արցախյան շարժումը, ապա հայությունը կենթարկվեր 1915թ.-ին համարժեք ցեղասպանության։ Օր առաջ մենք հասկացանք, որ զինվել ու պաշտպանվել է պետք, որ դա ցեղասպանության սկիզբ է։ Նեղանում եմ, երբ ասում են, թե արցախյան շարժումը սկսվեց, դրա համար Սումգայիթ արեցին… Ոչ, Սումգայիթին պատրաստվելը սկսվել էր 1987թ.-ի վերջից։ Որեւէ մեկը չի խոսում, որ 1987թ. հունիսին Չարդախլուում մինչեւ դեկտեմբեր հայերին ծեծում, ջարդում, մտցնում էին նկուղները։ Այդ ժամանակ արցախյան շարժում կա՞ր, ոչ։ Չարդախլուում հայերին ջարդածները հետո հայտնվեցին ու նույնն արեցին Սումգայիթում։ Նման զանգվածային ջարդն ու կոտորածը կատարվեց այն պայմաններում, երբ ոստիկանութունը չմիջամտեց, հեռախոսներն անջատվեցին, իսկ ջարդարարները մանրակրկիտ գիտեին հայերի հասցեները։

Սումգայիթում հստակ գալիս էին հայերի հասցեներով, արդեն սրված արմատուրաներով։ Այդ ամենը «գեղեցիկ» ձեւավորված սպանդի մոդել էր, որը մի օրում չէր եղել։ Դա պետական մակարդակով կազմակերպված գործընթաց էր։ Ջարդարարները գործիքներ չէին փնտրում, արդեն իսկ ունեին արմատուրաներ, դանակներ, փողոցները լիքն էին քարերով։ Մեկ էլ տեսնում էիր, որ բեռնատարը բերում՝ քար է թափում։ Ջրցան մեքենաներն էլ կանգնած էին, որ արյուն լվանան։ Նույնը Բաքվում էր՝ վառված էին խարույկներ, հեռախոսներն անջատված էին, կային կազմակերպված խմբեր, որոնց ձեռքներին հայերի ցուցակներն էին։ Իսկ հունվարի 11-19-ը այդ մոդելն իդեալական դարձավ։ Այսինքն, ջարդարարները գալիս են հավաքի, հստակ հրահանգներ ստանում ու սկսում։ Ադրբեջանի այն ժամանակվա ներքին գործերի նախարարը մատնանշում էր հրոսակախմբերի թիվը ու թե քանի ջարդարար էր մասնակցում։ Ահռելի թիվ էր… Կարեւոր է արձանագրել, որ հայերի ցեղասպանությունը հետո էլ է շարունակվել։ Օրինակ՝ Գուրգեն Մարգարյանը գլխատվեց ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ, եւ չբացահայտվեց, թե ով է դա կազմակերպել… սահմանին «ծորացող» պատերազմ է։

Ցեղասպանությունը շարունակվեց նաեւ 2020թ.-ին։ Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում. պապիկի ականջ են կտրել, զինվորների դիակապտություն արել, ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում, ասեք։ Ցինիկաբար նկարում են զինվորների դիերը ու դնում համացանցում։ Ի՞նչն է փոխվել. հա՜, յաթաղանը դարձավ բայրաքթար ու ֆոսֆորային զենք… այդ հանրության հոգեվիճակը նույնն է, ո՞նց կարելի է նրան վստահել հայ երեխայի։ Էլ չասած, թե իրենց առաջնորդն ինչպես է իր հանրությանն անընդհատ տանում ցեղասպանի հոգեբանության։ Բաքվում մեծացող երեխան արդեն ցեղասպան է մեծանում, որովհետեւ իներցիան հոգեբանական մեծ ուժ ունի։ Մինչեւ ատելությունը պապի ու հոր միջից հանեն, երեխան արդեն ցեղասպան է մեծանում։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Այո, հարեւան է, պետք է խաղաղություն լինի, բայց ինչպե՞ս։ Սահմաններին կիլոմետրերով պատեր պետք է լինեն, որ դրանց չտեսնենք, շունչը չզգանք։ Եթե դա չենք անելու, ցեղասպանվելու ենք։ Մինչդեռ մենք քաղաքական դաշտում շարունակական պարտվողական վիճակում ենք, ուշքի չենք գալիս։ Եթե հանրային ընկճախտը չհաղթահարենք, իրենց դիմակայել չենք կարողանա։

Մինչեւ օրս չենք ստացել կարեւոր հարցերի պատասխանները, թե որքան զոհ ունենք ի վերջո։ Ընկնելու ենք Ադրբեջանի կեղծիքը վերահաստատե՞նք. 26 զոհ Սումգայիթո՞ւմ. ամոթ է… եթե 26 000 ոճրագործ կար, 26 հայ են սպանե՞լ։ «Սովորական ցեղասպանություն» ֆիլմում ճշգրիտ թվեր կան, թե քանի հազարն են սպանվել, կորել ու փախստական դարձել, ընդ որում՝ դա միայն հունվարի 13-19-ը։ Եթե այդքան օրում 13 000 հայ այլեւս չկար, բա որքան հայ է վերացել 1988թ. դեկտեմբերին եւ հունվարի սկզբին։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում… Բաքվից մեքենաներով դիակները լցնում էին ջուրը։ Վերոնշյալ ֆիլմում կա նաեւ վկայություն, որ մարմնի մասերը բեռնատարներից բահերով թափում էին մորգում, այսինքն, մասշտաբները պատկերացնո՞ւմ եք։ Ո՞վ է մեր իշխանությանը ճնշած պահում, որ սրա մասին չեն խոսում։ Կան փախստականներ Բաքվից եւ Սումգայիթից, որոնք մասնակցել են արցախյան պատերազմին, կասեցրել ցեղասպանին։ Արցախյան պատերազմը ցեղասպանությունը կասեցնելու ընթացք էր, այս մասին ինչո՞ւ չեն խոսում։ Մեր քաղաքական կուսակցությունները՝ ՀՀՇ-ից մինչեւ Եվրոպական կուսակցություն, ինչո՞ւ չեն խոսում այս մասին։ Ոնց որ թմբիրի մեջ լինենք։ Փախստականը կարեւոր գործոն է։ Թուրքիան Եվրոպայի հերն անիծում է փախստականներով։ Ցեղասպանությունից փրկված փախստականն ավելի մեծ գործոն է, ինչո՞ւ չենք խոսում սրա մասին։ Ցրվել ենք աշխարհով մեկ. Կրասնոդարում միայն մոտ 400 000 փախստական կա։ Որքա՞նն են մորթվել, չգիտենք։ 1988թ. փետրվարի 26-ից մինչեւ 1990 հունվարի 19-ն է տեւել։ Խայտառակություն է, երբ ընդամենը 67 զոհի մասին են խոսում։

Եթե 1988թ. մենք ոտքի չկագնեինք, մեզ մորթելու էին Երեւանում։ Իսկ հիմա՞… լուռ են բոլորը՝ ընդդիմադիր, դիմադիր։ Ահաբեկված եմ այն փաստից, որ ընկճախտով սպասում են, թե երբ է ցեղասպանությունը հասնելու Երեւան։ Մեկը Նիկոլ է գովում, մյուսը՝ Ռոբերտ, մյուսը… բայց ոչ մեկը չի ասում, թե ուր ենք մենք գնում։

Խաղաղություն լինել չի կարող։ Կլինի, եթե բարձր պատեր դնենք, մեջը՝ լուսամուտներ, ու լուսամուտներով շփվենք… Թուրքիայի «փափուկ ուժին» ունա՞կ ենք դիմակայել։ Թուրքիայի փափուկ ուժն աշխարհի վրա է ազդում։ Հասկանում եմ, որ պետք է դուրս գանք երեսուն տարվա բլոկադայից, բայց ունա՞կ ենք դրան դիմակայել»։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31