Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը՝ կանխիկ վճարման հնարավորությունների սահմանափակման մասին

Հունվար 19,2022 23:08

Կարեն Ճշմարիտյանը, որը տարբեր տարիներ ՀՀ կառավարությունում տարբեր ոլորտների նախարար է եղել,  անդրադառնալով երեկ ԱԺ-ի ընդունած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որով սահմանվում է, որ 300 հազար դրամը գերազանցող գործառնություններն իրականացվելու են անկանխիկ եղանակով, իր ՖԲ էջում գրել է.

Ձեզ կրկին փորձում են խաբել
Հայտարարում են՝
«…ողջ աշխարհում այդպես է՝ բոլորն էլ այս ձևով ներքին շուկայում սահմանափակում են կանխիկ վճարման հնարավորությունը»:

Պիտի կրկնեմ.
եթե իրոք տեղյակ են՝ ուրեմն պարզապես ստում են…

Եվրոպայի երկրների օրինակը բավարար է, որպեսզի պատկերացում լինի, թե ինչպես են տարբեր երկրներում տարբեր ձևով կարգավորում։

Ավստրիա` կանխիկ վճարման սահմափակում չկա,
Բելգիա ՝ 2014 թվականից 3000€,
Բուլղարիա՝ 5110€,
Կիպրոս` կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Չեխիա՝ 14000€` մեկ օրում,
Դանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1340€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում վճարողը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում,

Էստոնիա՝ կանխիկ վճարման սահմափակում չկա,
Ֆինլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Ֆրանսիա՝ 1000€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար,

Գերմանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, եթե վճարն ավելին է քան 10000€, ապա գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, և վաճառողը գրանցում է դրա տվյալները,

Հունաստան՝ 1500€,
Հունգարիա՝ սպառողների համար կանխիկ վճարման սահմանափակում չկա, իսկ տնտեսվարողների համար՝ 5110€` ամսական,
Իսլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իռլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իտալիա՝ 3000€,

Լատվիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Լիտվա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Լյուքսեմբուրգ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Մալթա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Նիդեռլանդներ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Նորվեգիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1078€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում գնորդը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում,

Լեհաստան՝ 15000€,
Պորտուգալիա՝ 1000€,
Ռումինիա՝ 2260€՝ օրական,
Սլովակիա՝ տնտեսվարողների միջև՝ 5000€, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ 15000€,
Սլովենիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա,
Իսպանիա՝ 2500€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար,

Շվեդիա՝ օրենսդրական սահմանափակում չկա, սակայն կարող են սահմանափակումներ դրվել պայմանագրային եղանակով՝ սուբյեկտների միջև,

Մեծ Բրիտանիա՝ սպառողների համար սահմանափակում չկա, 15000£-ից ավելին կանխիկ վճարող սուբյեկտին տրվում է «Բարձրարժեք առևտրականի» կատեգորիա։

Հավելենք՝
ԱՄՆ՝ սահմանափակում չկա, իսկ եթե 10 հազար դոլարից ավելի կանխիկ գործարք է կատարվում, ապա վաճառողը պարտավոր է գնորդից պահանջել լրացնել պետության կողմից սահմանված ձևաչափի հայտարարագիր։

Կանխիկով վճարման սահմանափակումներ չկան, և տարբեր սահմանաչափերով հայտարարագրման նմանատիպ կարգ է գործում Կանադայում, Բրազիլիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Սինգապուրում, Տայվանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում։

Որևէ տեսակի սահմանափակումներ չկան նաև Ճապոնիայում, Հոնկոնգում, Քաթարում, Եգիպտոսում, Պանամայում, Լիխտենշտեյնում, և այլն։

Ակնհայտ է, որ որոշ երկրներում առկա սահմանաչափի մեծությունը ոչ մի կապ չունի տվյալ երկրի սոցիալական իրավիճակի հետ, առավել ևս՝ երկրում փողերի լվացման, ստվերի, կամ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգի հետ։ Վերջինիս լավագույն ապացույցն այն է, որ ամենակատաղի «պայքար մղող» գերզարգացած առաջատար երկրներում ոչ մի սահմանափակում չկա։ Եվ ամենակարևորը՝ ՉԻ էլ ԵՂԵԼ ։ Այնպես որ՝ «…իրենք դրան հասել են կանխիկ վճարման սահմանափակումներով…» փաստարկ պարզապես չկա։

Բացի նշվածը՝ աշխարհով մեկ վիրտուալ վճարային միջոցների (Բիթքոյն, և այլն) այսպիսի լայն թափով տարածման պարագայում կանխիկ շրջանառությունը էլ ավելի է վերածվում միակ և հարաբերականորեն ամենաազնիվ վճարամիջոցի։ Իսկ հազ փողի ծագման աղբյուրը պետք է պարզել ծագման աղբյուրի մոտ, ոչ թե փնտրել բանկերում։ Վերջապես, բանկերն էլ սրբավայրեր չեն…

Հ. Գ.
Այս կիսագրագետ «կացնի» ուրվականը արդեն երկու տասնամյակ է պտտվում էր Հայաստանի գլխին։
Ցավոք, հեղինակները չեն փոխվել՝ նույնն են։ Պարզապես այսօր իրենց դրսևորման պարարտ հող կա, և ժամանակավորապես «հաջողում են»։
Հղումը՝ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31