«Դա նույնն է, որ ՌԴ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրվի Դավիթ Տոնոյանին կամ ՌԴ գլխավոր դատախազի ցուցումով առաջնորդվի ՀՀ դատախազությունը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Մանվել Շահվերդյան) ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (մականունը՝ Պատրոն Դավո) վերաբերյալ քրեական գործով առաջին դատական դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը (լուսանկարում):
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը 2021-ի սեպտեմբերի 30-ից կալանավորված է:
Հարցին՝ Դավիթ Տոնոյանի կալանքը գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն ներկայացրե՞լ են, Սերգեյ Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում իրենց մարտավարությունը հայտնել, քանի որ դեռ չգիտեն՝ արդյոք այս դատարա՞նը կքննի գործը, քանի որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն հնարավոր է ներկայացնեն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ի՞նչ գործողություններ են կատարվել, փաստաբանը պատասխանեց. «Ընդամենը մեկ առերեսում է տեղի ունեցել ՊՆ նախարարի նախկին տեղակալ Մակար Համբարյանի հետ: Նշված առերեսմամբ ձեռք են բերվել այնպիսի տվյալներ, որոնք ի նպաստ են եղել պաշտպանական կողմի համար»:
Կարդացեք նաև
Հստակեցմանը՝ Մովսես Հակոբյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են այս գործով, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ:
Լրագրողների դիտարկմանը՝ վարույթն իրականացնող մարմինն ասում է, որ հրթիռները ժամկետանց են եղել, մեղադրանքի հիմքում էլ հենց սա է, Սերգեյ Հովհաննիսյանն արձագանքեց. «Գործի վերնագիրն է դարձել «անպիտան հրթիռներ», սակայն նման մեղադրանք առաջադրված չէ: Ի սկզբանե տարածված հայտարարությամբ այդպես գնաց, մենք սկսեցինք դրա դեմ պայքարել, այդ որակումը հանվեց, հետո սկսեցին ժամկետն առաջ բերել: Այդ նույն ժամկետի վերաբերյալ քրեական գործում կան միմյանց հակասող տեղեկություններ: Ամենավերջին տվյալները, որոնք կան քրեական գործում, որոնց վրա կարող ենք հիմնվել, նշված փաստաթղթի հիման վրա, այդ հրթիռները գտնվում են ժամկետում, այնինչ վարույթն իրականացնող մարմինն առհասարակ դրանց կարևորություն չի տալիս, այլ ավելի վաղ լույս տեսած փաստաթղթերին է հղում անում ու ասում, որ դրանց հիման վրա հրթիռների ժամկետներն անցել են: Այդ երկու փաստաթղթերը վերաբերելի չեն ՀՀ-ին, վերաբերում են ՌԴ-ին, այնտեղ օրենքով պահպանվող փաստաթղթեր են դրանք: Սա ևս լուրջ խնդիրներից է, որ վարույթն իրականացնող մարմինն օտար երկրի փաստաթուղթը բերել և փորձում է դրա հիման վրա մեղադրանք պաշտպանել»:
Գործով ամբաստանյալ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել դատավորին, որ դատարանի նախագահից ճշտի, թե արդյոք կա՞ գործում տվյալ, որ գործի մակագրումը կատարվել է օրենքով սահմանված կարգով՝ դատավորների ազգանունների հերթականության պահպանմամբ: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է այս միջնորդությունը և դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին՝ ժամը 11.00-ին: Դատավորի պատասխանից կախված կորոշեն՝ նրան ինքնաբացարկի միջնորդություն հայտնե՞ն, թե՝ ոչ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ