Վարդենիսի տարածաշրջանում 2021 թվականի մայիսի 18-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պապիկը՝ Լավրենտի Աղաբաբյանը, համոզված է՝ թոռանը ադրբեջանցիներն են առեւանգել:
«Իր հետ եղած տղերքը իրեն վերջին անգամ տեսել են զուգարան գնալիս ու էլ չեն տեսել, դրանից հետո կորել է. էդ տեղից շատ երեխեք են կորել, մենակ մերը չի»,- Aravot.am-ին պատմեց Լավրենտի Աղաբաբյանը՝ մասնավորեցնելով, որ այդ տեղանքը մոտ է պետական սահմանն անարգել անցած ու առաջ եկած ադրբեջանցիների գտնվելուն:
Անհետացած զինվորի մորը՝ Լիլիթ Աղաբաբյանին, այս տեղեկությունը հայտնի չէ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ որդու անհետանալուց հետո հանդիպել է նրա ծառայակիցներին, հրամանատարին, բայց ամեն մեկը մի բան է ասում:
Մեր զրուցակցի խոսքով՝ մինչեւ հիմա նրան չի հաջողվել որդու հետ ծառայող մտերիմ ընկերոջը հանդիպել կամ հետը խոսել, հեռախոսահամարն իրեն չեն փոխանցում ու միշտ հայտնում են, թե դիրքերում է. «Լավ, այդ տղան մի անգամ դիրքերից չիջա՞վ»:
Կարդացեք նաև
Կորած զինծառայողի վերջին հեռախոսազանգը եղել է մայիսի 14-ի երեկոյան մորը, վերջինիս խոսքով՝ որդին շատ հանգիստ է խոսել, որեւէ վախ, մտավախություն մայրը չի զգացել որդու ձայնից: Լիլիթ Աղաբաբյանը չի հավատում պաշտոնական տվյալներին, թե որդին մայիսի 18-ին է անհետացել, ինքը վստահ է, որ որդին մայիսի 14-ից է կորել, որովհետեւ վերջին անգամ այդ օրն է իրեն զանգել ու չէր կարող չորս օր մոտը հեռախոս ունենալ ու չզանգել իրեն:
Տիկին Աղաբաբյանի ձեռքի տակ է նաեւ որդու ու նրա ընկերոջ նամակագրությունը, որտեղ որդին հայտնել է, որ շրջափակման մեջ են ու չգիտի՝ իրենց կարող են այդտեղից ազատել, թե ոչ: «Ի՞նչ հիմքով են պաշտոնապես ասում, թե գերի չէ, եթե չեն տեսել՝ տղաս ո՞ւր է գնացել, որ ժամին է կորել: Բա առանց գումար, առանց որեւէ մեկի աջակցության ո՞ւր է այսքան ամիս»,-ասում է մայրը:
Լիլիթ Աղաբաբյանին հասած տեղեկությունների համաձայն՝ որդին զորամասում միջադեպ է ունեցել սպայի հետ: «Կոնֆլիկտ ունեցել է ինչ որ սպայի պատվի չառնելու համար, քանի անգամ պատմել է այդ կոնֆլիկտի մասին, հրամանատարությունն էլ անհետանալուց հետո մեզ ասել է, որ տղաս վախեցել է դիրքեր բարձրանալ, բայց չեմ հասկանում՝ վախեցող երեխեն երկու գիշեր մենակ քնապարկի մեջ ինչպես է դիրքերից 200 մետր ներքեւ քնել: Շատ հակասություններ կան»:
Ավելի վաղ կորած զինվորի պապիկը մեզ հետ զրույցում ասել էր, թե թոռանը հրամանատարը պատժել է դիրքեր չբարձրանալու համար ու մի քանի օր թողել, որ մենակ քնի ժայռերի ու քարերի արանքում:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2021 թ մայիսի 24-ին դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում է ծավալուն նախաքննություն. «Որպես վկաներ բազմաթիվ անձինք են հարցաքննվել, ծառայակիցներ, հարազատներ, մարտական առաջադրանքները կատարելիս նրա հետ տվյալ վայրում գտնված նրա ծառայակիցները ու հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Գործով ձեռք բերված տվյալները այս պահին վկայել են առերեւույթ զինծառայողի կողմից ծառայության վայրը լքելու մասին, ինչով պայմանավորած էլ քրեական գործը հարուցվել ու քննում է այդ հատկանիշները: Թե դրանք ինչ տվյալներ են, այս պահին թույլ տվեք չմանրամասնել, բայց դրանք հիմնված են այն ցուցմունքների հիման վրա, որոնք ձեռք են բերվել քննչական համապատասխան գործողությունների միջոցով: Գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար մի քանի անգամ ու մի քանի ուղղություններով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել, այս պահին էլ շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվել պարզելու ծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, բայց նման տվյալներ չեն ստացվել: Ադրբեջանը շատ դեպքերում պարզապես չի ընդունում այս կամ այն ծառայողի իրենց մոտ գտնվելու հանգամանքը, հետեւաբար, այդ տվյալներով հանդերձ՝ այս ուղղությամբ էլ դեռեւս գործողությունները շարունակվում են, չենք բացառում նաեւ այդ հավանականությունը, չենք բացառում նաեւ հնարավոր սպանության հանգամանքը»:
Հիշեցնենք, որ զինծառայողի անհետանալուց հետո իրավապահները նրա հեռախոսն են գտել, ինչը մի քանի օր հասանելի է եղել: Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է վերջին անգամ զինծառայողը զանգել, մեր զրուցակիցը, նախաքննության շահերից ելնելով, չհրապարակեց, միայն ասաց՝ հեռախոսազանգերի ուղղությամբ եւս օպերատիվ հետախուզական միջոցներ են ձեռնարկվել:
Ինչ վերաբերում է զինծառայողի հարազատներին հասած տեղեկություններին, թե հրամանատարը պատժել է զինծառայողին, Գոռ Աբրահամյանն ասաց՝ եթե հարազատներին նման տեղեկություններ են հայտնի, պետք է ներկայացնեն վարույթ իրականացնող մարմնին. «Քրեական գործով առկա որեւէ տվյալ իր նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ ձեռք չի բերվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ