«Ալիեւը որոշող չէ, նա հիմա հանդիսանում է թուրքական երազանքի խոսնակը: Իսկ թուրքական երազանքը մեծ թուրանն է: Ինքն այդ մեծ թուրանի ձեւավորման առաջնագծում է»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց կառավարման փորձագետ, հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին եւ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի լարվածության պատճառներին:
«Ալիեւի տրամադրությունը բավականին ընկավ, երբ Ղազախստանում չստացվեց: Թե Թուրքիայի բոլոր ծրագրե՞րը կհասնեն նպատակին, ժամանակը ցույց կտա: Բայց ես ուզում եմ մի ուրիշ բան ասել: 1915 թվականից հետո ո՞վ կմտածեր, որ երեք տարի հետո կգա մայիսը, եւ կլինեն երեք ճակատամարտերը: Ոչ ոք չէր կարող նման բան մտածել, սակայն երկրի վրա դա եղավ: Այդպես է, լուսաբացից առաջ լինում է ամենամութ, ամենամռայլ ժամանակահատվածը: Հիմա ընթանում է համընդհանուր բյուրեղացում: Եվ ես հիմա այս եթերում, այնուամենայնիվ, նորից շնորհակալություն եմ հայտնում այս «նոր ուժերին»: Իրենք ի՞նչ արեցին: Իրենք ցույց տվեցին մեր իրական դեմքը, մեր իրական արժեքները: Նայեք՝ քանի կուռքեր են քանդվում, փլուզվում, լինի քաղաքական, մշակութային, մտավորական, լինի հանրություն, որը պարզվեց, համրություն է: Փորձեք Նոր տարուն արգելել խոզի բդի վաճառքը: Համրությունը լեզու կառնի: Բայց երբ կործանում են երկիրը, սկզբից՝ Արցախը, հետո՝ Հայաստանը, դրանք մնացին որպես համրություն:
Բյուրեղացման պրոցեսը դանդաղ է ընթանում, նույնիսկ կարող է չստացվի: Մենք մոտենում ենք վերջնական ջրբաժանին: Մի ճանապարհը մեզ կտանի դեպքի վերելք, մյուսը՝ դեպի վերջնական կործանում: Մեր հասարակարգը հիմա մահացու հիվանդ է: Մահացու հիվանդ հասարակությունում ցանկացած ցինիկ, անտակտ, ոչ կառուցողական մոտեցումը վանում չի առաջացնում: Եվ ինձ զարհուրելի չի թվում, որ նման մարդիկ ցինիկաբար են արտահայտվում»,-ասաց Հարություն Մեսրոբյանը՝ նկատի ունենալով անսքող հայտարարություններ անող որոշ պաշտոնյաների:
Բանախոսը նաեւ անդրադարձավ մի տեսակ վախվորած ու անդեմ մտավորականությանը եւ տվեց իսկական մտավորականի բանաձեւումը. «Մենք մտավորականության մասով պետք է շատ զգույշ ախտորոշենք: Մտավորականը պետք է մի քանի հատկանիշ ունենա. լինի ազգային, բարոյական, ունենա իսկապես մտավոր որակներ եւ լինի կամային: Առնվազն, այս չորս որակներն ունենալու դեպքում այդ մարդը դառնում է մտավորական դառնալու հավակնորդ: Իսկ մտավորական լինելը վերջնական ապացուցվում է գետնի վրա արդյունքներով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ