Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի նկատմամբ Սյունիքի դատախազությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ըստ նյութերի, 2006թ. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Տաշտուն գյուղի տարածքով էլեկտրական ցանցեր անցկացնելու եւ հենասյուներ տեղադրելու համար, որպես գյուղին տրված փոխհատուցում, այդ ժամանակ գյուղապետ աշխատած Միշա Սարգսյանի կողմից՝3.5 մլն դրամ գումարով ձեռք է բերվել 2006թ. արտադրության «4172.5» մակնիշի «ՀԱՑ» տեսակի կոմբայն, որն ամրակցվել էր գյուղի հաշվեկշռին:
2008-2016 թթ. Տաշտուն գյուղի գյուղապետ, այնուհետեւ 2016-2021թթ. ընկած ժամանակահատվածում՝ Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի վարչական ղեկավար եւ նյութական պատասխանատու հանդիսացող Հ. Գաբրիելյանի կողմից՝ այդ կոմբայնը 2019թ. անհայտ հանգամանքներում օտարվել է: Այսինքն, Հ.Գաբրիելյանը լինելով իրավասու պաշտոնատար անձ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է իր պատասխանատվությանը վստահված հիշյալ կոմբայնը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ