Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակը՝ Մարալիկի հրապարակից այն ապամոնտաժելու թուրքերի պահանջի մասին

Հունվար 19,2022 18:25

Գյումրեցի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը ապամոնտաժելու մասին Թուրքիայի ակնարկին՝ ասաց․ «Թուրքիան իր չորս նախապայմաններն է առաջ քաշում, բայց մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը, սա տարեգրություն է։

Արձանը դարձել է ժողովրդի կուռքը, նրանք ասում են՝ մեր վրիժառուն է, մեր հերոսն է, մեր կուռքն է, ազգի պարծանքն է։ Դատավարություն գոյություն ունի, հո դատավարությունն էլ չե՞ն կարող անտեսել։

Հայոց Ցեղասպանությունը մերժելը ո՞րն է, ո՞վ նման իրավունք ունի, ողջ աշխարհն է ընդունել։ Ո՞վ է իրավունք տվել պատմական ճշմարտությանը հակառակվել, հերիք է թուրքերին մենք կուլ գնանք։

Արձանի ապամոնտաժումը լուծո՞ւմ է, բա պատմությունն էլ հո չեք կարող անտեսել։

Սողոմոն Թեհլերյանին միջազգային դատարանն է ազատել, ողջ համաշխարհային հասարակությունն է նրան գնահատել։Մարդն ասում է՝ ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ »։

Քանդակագործը զայրանում է՝ այդ ինչպե՞ս է, որ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում են տալիս, որը քնած մարդու էր կացնահարել, իսկ Սողոմոն Թեհլերյանին, որի գերդաստանից Թալեաթ փաշայի հրամանով 85 հոգու սպանել էին և որը Հայոց Ցեղասպանությունը կազմակերպելու համար պատասխանատվության ենթարկեց կազմակերպչին, ուզում են ջնջել տալ հայ ժողովրդի հիշողությունից։

«Սողոմոն Թեհլերյանի հարազատներից 85 հոգու կոտորել են, իրեն էլ են խփել, ուշաթափվել է, բայց չի մահացել, մոր գլուխը կացնահարել են, եղբորն էլ են սպանել։ Մայրը միշտ երազին եկել է, ասել՝ Թալեաթին պարտադիր պիտի վերացնես, այլապես կդադարես իմ զավակը լինելուց։ Կարո՞ղ է կանգնեն ու ասեն, որ 1,5 միլիոն հայ չի սպանվե՞լ, ո՞նց կարող էր այս ամենը Սողոմոն Թեհլերյանը ներել։

Սա՛ է մեր պատմությունը, ո՞նց ուրանանք։ Յուրաքանչյուր երեխայի մեջ պիտի սերմանել հայրենասիրությունը, առանց հայրենասիրության ի՞նչ հայ, իսկ Սողոմոն Թեհլերյանի արձանը հենց հայրենասիրության խորհրդանիշն է, որից պիտի դաստիարակվեն։

Եվ ո՞ր իրավունքով են ապամոնտաժում, ո՞ւմ են հարցրել, ամբողջ ազգը ոտքի է ելել, սիրված կերպար է իմ արձանը»։

Հիշենենք, որ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, ծախսերը հոգացել էր ռուսաստանաբնակ մարալիկցի Յուրա Հովհաննիսյանը: Սկզբում որոշվել էր Սողոմոն Թեհլերյանին քանդակել կանգնած, որի ոտքերի տակ պիտի ընկած լիներ Թալեաթ փաշան, սակայն հետո մտափոխվել էին։

Հուշարձանի հանդիսավոր բացման օրը վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն Aravot.am-ին պարզաբանել էր հետևյալը․ «Անկեղծ ասած, երեք ֆիգուրա էր նախատեսված ե՛ւ Թալեաթի, ե՛ւ Էնվերի ու Ջեմալի սպանող երեք վրիժառուներին, այստեղ նախկինում եղել է Լենինի արձանը: Վրիժառուն Աստծո տված շնորհքն է, եկել է մեր էպոսից. Դավիթը Մսրա Մելիքից վրեժ լուծեց, այն պատմական է: Սողոմոն Թեհլերյանն առաջին հայ վրիժառուն է, որ սպանեց էդ մարդակերին, դահիճին, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթին:

Վերջնականը որոշվեց ոտքի տակ ժայռ լինի, ա՛յս տարբերակը, մեզ համար հիմնականը Սողոմոն Թեհլերյանն է, թե ոտքի տակ ինչ կլինի, դա որոշիչ չէ: Նյութը բրոնզե է՝ 4 մետրանոց, պատվանդանը գրանիտ է, ճարտարապետությունն ամբողջությամբ իմ ստեղծագործությունն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31