Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդ. կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկված՝ Նաիրի Հոխիկյանի դիմումն այն մասին, որ 2021թ. նոյեմբեր ամսվա ընթացքում մի շարք լրատվական կայքեր իր հասցեին հրապարակային կերպով ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ են գրառել:
Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ Նաիրի Հոխիկյանը հետեւյալը փոխանցեց. «Ինձ հաջողվեց բացահայտել մի քանի կայքերի և ֆեյսբուքյան կեղծ էջերի հեղինակների ինքնությունը, որոնք իմ մասին ոչ միայն կեղտոտ ստեր էին տարածում, այլև ինձ ուղղված հայհոյանքներ հնչեցնում։ Հուսով եմ, իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացք կտան իրենց մանրամասնորեն ներկայացված տվյալների և այդ հանցանքը կատարած մարդկանց ինքնության մասին տեղեկությունների վրա հիմնված հաղորդմանը։ Սա պետք է լինի նախադեպ ֆեյքերի դեմ պայքարի համար։ Ի դեպ, նաև նշեմ, որ իմ դեմ ուղղված հայհոյանք ու ստեր տարածող կայքերը ամբողջությամբ զբաղված են Հայաստանի իշխող կուսակցության՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի քարոզչությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ