Ազգային ժողովի հունվարի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը, որը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունների կարգը, լրացնել նոր` 11.1-րդ մասով, ըստ որի, եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Լրացվում է նաեւ հոդվածի 12-րդ մասը, համաձայն որի` եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Վիլեն Գաբրիելյանը պարզաբանել է, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգում առկա օրենսդրական բացն ի հայտ է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու գործընթացում: Խնդիրն այն է, որ հանձնաժողովը տեւական ժամանակ է` չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:
Ըստ հեղինակի` այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:
Կարդացեք նաև
Նախագծի վերաբերյալ հնչել են իրարամերժ տեսակետներ: Ի տարբերություն նախագիծը պաշտպանող պատգամավորների, ընդդիմադիր խմբակցությունների մի խումբ պատգամավորներ դեմ են արտահայտվել առաջարկվող կարգավորմանը` հորդորելով հետաձգել նախագծի քննարկումը կամ հարցը կարգավորել` հաշվի առնելով «Հայաստան» խմբակցության առաջարկները:
Եզրափակիչ ելույթում նախագծի հեղինակն անդրադարձել է հնչած տեսակետներին, գործընկերներին հորդորել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
ԱԺ