«2021 մայիսին Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից, ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջազգային հետախուզում։ Մինչեւ օրս Մկրտչյանը կապ չի հաստատել ընտանիքի հետ, գործով չկան կասկածյալներ եւ մեղադրյալներ։ Մեկ այլ դեպքում նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանին մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող։ Գտնվելու վայրը հայտնի չէ։ Երկու զինվորի՝ անհայտ պայմաններում կորելը մտահոգիչ է։ Երկրորդ դեպքում անգամ պաշտոնական հաղորդագրություն չի եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր պաշտպանության նախարարին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է հայտնի նրանց ճակատագրի մասին։
ՊՆ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ գործերը քննչական կոմիտեում են․ «Մանրամասները պատրաստ եմ ձեր հետ հանդիպելիս քննարկել։ Այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել»։
Աբրահամյանը նաեւ հարցրեց՝ 2021թ․ քանի՞ ոչ մարտական կորուստ ենք ունեցել, ի՞նչ է անում ՊՆ-ն՝ անձնական հարաբերությունների պատճառով մահացության դեպքերը կանխելու համար։ Նախարարը փաստեց, որ կան մտահոգիչ դեպքեր, բայց ցուցանիշները գրավոր կարող է ներկայացնել․ «Կա վերլուծություն, որն ինձ չի բավարարում։ Խնդիրները շատ են, աշխատելու ենք»։
Սուրեն Պապիկյանը նաեւ հորդորեց հանրությանը եւ ընդդիմադիրներին բանակի մասին տեղեկատվությամբ կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն, որովհետեւ դա հետեւանք է ունենում, մամուլի միջոցով տարածում եւ հայտնվում նաեւ հակառակորդի ձեռքում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ