Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» և մյուսների գործով դատական նիստը դռնփակ. փաստաբանները միտում են տեսնում

Հունվար 19,2022 17:17

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի ընթացքում արձանագրային որոշում կայացրեց. նիստերը կլինեն դռնփակ:

Գործով ամբաստանյալ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդություն են ներկայացրել՝ նիստերը անցկացնել դռնբաց, որպեսզի նաև հասարակությունը ներկա լինի նիստերին, սակայն այն մերժվել է:

Նրա փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա են եղել գործով կալանավորված ամբաստանյալները՝ այդ թվում Դավիթ Տոնոյանը, իսկ Դավիթ Գալստյանը ներկա չի եղել դատական նիստին:

Երեմ Սարգսյանն ասաց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալները՝ Դավիթ Տոնոյանը, Արտակ Դավթյանը և մյուսները միանշանակ կողմ էին, որ նիստը լինի դռնբաց:

Երեմ Սարգսյանի համոզմամբ՝ հասարակության շրջանում հատուկ կարծիք է ձևավորվել բացասական իմաստով: Նա մանրամասնեց. «Ցանկացած մարդ, որն այս գործին լավ տեղյակ չէ, կասի, որ հրթիռները պիտանի չեն կրակելու համար, դրա համար էլ իբր անպիտան հրթիռներ ձեռք բերելու համար են Դավիթ Տոնոյանը և մյուսները ենթարկվում քրեական պատասխանատվության: Այնինչ հակառակն է: Ուստի պաշտպանական կողմի նպատակն է եղել պայքարել, որպեսզի նիստերն ընթանան դռնբաց, որ հասարակությունը տեղեկանա իրականությանը: Ինչ վերաբերում է պետական գաղտնիքին, ասեմ, որ այն, ինչ պետք է իբր անվտանգության սպառնալիք լիներ, պետական մարմինները հրապարակել են առաջին օրվանից սկսած: Դրանից բացի մնացածը գաղտնիք չէ, որը կվտանգի պետական անվտանգությանը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ որոշ հանգամանքներ կան, որոնք ճշտում են, որից հետո կներկայացնեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն: Այս առիթով հավելեց. «Դատավորի մասով կարծում եմ՝ ավելի շատ ապահովության միջոց է կիրառել դատավորը՝ նիստերը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելով, որ հետո չթիրախավորվի, որ դռնբաց է եղել: Քանի որ դատախազն էլ միջնորդել էր, որ նիստը լինի դռնփակ, ուստի բավարարվել է պետական մարմնի հատուկ ցանկությունը: Մինչդեռ իրենք իրենց ազատ են զգում ցանկացած տվյալ հրապարակել: Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքում է դատավորին գործը ձեռքով մակագրված լինելը, ինչը համատարած խնդիր է: Եթե գործը դատարանի նախագահի կողմից կոնկրետ մի դատավորի է տրվում, այս դեպքում արդար դատաքննության իրավունքի մասին խոսք չի կարող լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31