«Բնականաբար, ՌԴ ԱԳ նախարարի ասածը համապատասխանում է իրականությանը։ Այո, հայկական կողմը ՀՀ-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության կայունությանն ու բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է պատրաստել եւ փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ միջնորդավորված կերպով՝ Ադրբեջանին, մյուս գործընկերներին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը նշյալ օրակարգով փաթեթ է փոխանցել իրենց, իրենք էլ՝ Բաքվին։
«Սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել եւ իմաստ էլ չունի։ Դրանք վերաբերում են կառավարության եւ վարչապետի կողմից ասված՝ զորքերի հայելային հետքաշմանն ու հավելյալ անվտանգային մեխանիզմների ստեղծմանը»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ