«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկված օրինագծերից մեկի առնչությամբ հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը տղամարդկային բոլոր արժեքներն անցնում է՝ զրպարտությամբ զբաղվելով. «Ես միշտ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցում եմ, մի անգամ չեմ եղել, բայց առաջին քննարկմանը իմ հարցադրումներն ուղղել եմ՝ պատասխան չեմ ստացել»:
ԱԺ լիագումար նիստում Բաբկեն Թունյանն արձագանքեց մեղադրանքին․ «Գուցե հիշողության հետ խնդիր ունեմ կամ ոչ, բայց, փառք աստծո, ԱԺ հանձնաժողովների նիստերը տեսաձայնագրվում են։ Ներկա-բացակաները գրանցվում են։ Ես ի՞նչ եմ ասել։ Ասել եմ, որ տվյալ նիստում, որի ընթացքում հանձնաժողովը եզրակացություն է տվել նախագծին, դուք ներկա չեք եղել, տիկին Ստամբուլյան։ Ասել եմ նաեւ, որ ձեզ կողմից գրավոր առաջարկ չի եղել։ Եթե գտնում եք, որ դրանով ես ձեզ որեւէ կերպ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում։ Ես ձեզ վիրավորելու միտում չունեմ։ Եթե հիշողության հետ կապված խնդիր կա, ես կստուգեմ։ Իմ հիշելով՝ 2-3 նիստից բացակայել եք, բայց դա չէ խնդիրը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ