Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ եկամուտների մասով ռեկորդ ունենք, ե՛ւ աշխատատեղերի մասով՝ շուրջ 654 հազար, ե՛ւ միջին աշխատավարձի մասով ռեկորդ ունենք». Ռուստամ Բադասյան

Հունվար 19,2022 16:29

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանին տվեցինք տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն, նրանք ունեն մաքսակետ, բենզալցակայան, սուպերմարկետը կգործի: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ հիմա Թուրքիայի հետ ենք պատրաստվում հարաբերություններ ստեղծել ու տնտեսական կապ, ի՞նչ է շահելու դրանից ՀՀ-ն, երբ թուրքական կապիտալի ներհոսք կլինի՝ պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով, եթե դա դիտենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում՝ փակվա՞ծ մնանք, փակ սահմաններո՞վ ապրենք, երբեք չփորձե՞նք տնտեսական աշխուժություն մտցնենք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ամբողջ աշխարհում, մենք վախերո՞վ ապրենք»:

Բադասյանը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհին 2 հայկական մաքսակետ են տեղադրել. «Քանի որ այդտեղ հնարավոր է երթեւեկեն որոշակի Իրանի կողմից բեռնատար մեքենաներ, սակայն մեծամասամբ հոսքը արդեն նոր ճանապարհով է ընթանում, օրինակ, որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսակետի եւ անցնող բեռնատարների հաշվառման մասով, այդ ուղղությամբ»:

Հարցին՝ այդ մաքսակետերն ի՞նչ գործառույթ են իրականացնում այդ դեպքում՝ Բադասյանը պատասխանեց, որ եթե տեսականորեն կա հավանականություն, որ այդտեղով կարող են անցնել մեքենաներ, իրականացնում են մաքսային հսկողություն:

Բադասյանն ասաց, որ Տաթեւի նորակառույց այլընտրանքային ճանապարհով Իրանի բեռնատարներն անցնում են. «Ես անձամբ երեք անգամ երթեւեկել եմ ու համոզվել, որ ամենամեծ ծավալն ունեցող բեռնատարներն անցնում են»:

Հարցին՝ տնտեսական առումով ինչքանով է շահեկան իրանցի վարորդներին անցնել մեր ճանապարհով, ոչ թե թշնամուն հանձնված ճանապարհով՝ Բադասյանը պատասխանեց. «Մենք 0 մեքենա ենք կորցրել, որովհետեւ բոլոր մեքենաները մուտք են գործել ՀՀ սահման Մեղրի անցակետով: Եթե տրանզիտ փոխադրման մասին է խոսքը, հատում են ՀՀ-ում, այսինքն, որեւէ վճարի պակաս չենք ունենում»: Բադասյանը նշեց, որ երբ կառուցվի եւս մեկ այլընտրանքային ճանապարհ, «այն ուղղությամբ ընդհանրապես երթեւեկող մեքենա չի լինի»:

Բադասյանը նաեւ ասաց, որ պետական բյուջեի եկամուտները գերազանցում են ակնկալածը. «Եվ եկամուտների մասով ռեկորդ ունենք, ե՛ւ աշխատատեղերի մասով՝ շուրջ 654 հազար, ե՛ւ միջին աշխատավարձի մասով ռեկորդ ունենք, շուրջ 250 հազարի սահմաններում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31