Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցում կստանան կին, զավակ, ծնողներ չունեցող զոհված զինծառայողների եղբայրները, քույրերը, տատերն ու պապերը

Հունվար 19,2022 16:53

Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները եւ ծնողները:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին հայտնի է դարձել 16 դեպք, երբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած անձինք չունեն կին, զավակներ եւ ծնողներ: «Այս զինծառայողների մասով հատուցում չի տրամադրվել ընտանիքի որեւէ անդամի»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ նրանք ունեն հարազատ քույր, եղբայր, տատ եւ պապ: Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, ըստ որի` այն զոհված զինծառայողների մասով, ովքեր չունեն կին, զավակներ եւ ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին եւ պապերին: «Մեր պարտականությունն ու պարտավորությունն է մեր այս հայրենակիցների մասով նույնպես կատարել հատուցումը, եւ նրանց ընտանիքի անդամներին վճարել այդ գումարները»,- նշել է զեկուցողը: Նրա տեղեկացմամբ` հատկացվելիք գումարը բաշխվելու է հավասարաչափ: Եթե զոհված զինծառայողն ունի երկու հարազատ եղբայր, նրանցից յուրաքանչյուրը կստանա միանվագ 5 մլն դրամ եւ 100 հազար դրամ` առաջիկա քսան տարիների ընթացքում ամենամսյա կտրվածքով:

Մեկ այլ փոփոխությամբ Հայկ Սարգսյանն առաջարկում է շահառու ճանաչել նաեւ զոհված զինծառայողի հետ փաստական, սակայն չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձանց:

Հարակից զեկույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը եւ հորդորել կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ հունվարի 19-ի նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31