Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թունյանը տղամարդկային բոլոր արժեքներն անցնում է՝ զրպարտությամբ զբաղվելով». Հռիփսիմե Ստամբուլյան

Հունվար 19,2022 16:00

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը սպասում է, որ ՔՊ-ականները ներողություն կխնդրեն՝ սխալ տեղեկատվություն տալու համար:

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով գործադիրը 13 տեսակի գործունեության համար հեշտացնում է օտարերկրյա տնտեսվարողների գործունեությունը: Հռիփսիմե Ստամբուլյանը մտահոգվել էր. «Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողն ավելի բարենպաստ պայմաններում է գտնվելու, քան տեղի ներդրողը։ Գուցե այս օրինագիծը բերում եք կոնկրետ երկրի՞ համար։ Ստամբուլ-Երեւան թռիչքները փաստ են»։

Ստամբուլյանին ասել էին, որ իր հիմնադրած «Անռիվա տուրը» Ստամբուլի թռիչքներ է գովազդում, մինչդեռ ավիատոմսերի վաճառքով է զբաղվել. «Իմ հարցը էկոնոմիկայի նախարարին վերաբերում էր նրան՝ արդյոք այն երկրները, որոնց թույլատրվում է առանց լիցենզիայի աշխատել, այդ երկրներում եւս հայ գործարարները կկարողանան առանց լիցենզիայի աշխատել: Եվ արդյոք դա հող չի՞ նախապատրաստում, ես չեմ նշել, որ Թուրքիան այդ ցանկում կա, բայց այս քանակի Երեւան-Ստամբուլ թռիչքներով հող են նախապատրաստում, որ լինելու է թուրքական ներդրում: Օրենքի լրացում է լինելու ես դրանում ավելի քան վստահ եմ: Լրացում են անելու ու երկրների ցանկում շատ հեշտությամբ ավելացնելու են Թուրքիան»:

Ըստ Ստամբուլյանի, գործող օրենքը որեւէ խնդիր չի ստեղծում ներդրողների համար, այնպես որ անհասկանալի է, թե ինչու են այս փոփոխությունը մտցնում: Բացի այդ, մինչեւ Հայաստանի անվտանգային խնդիրները չլուծեն, որեւէ ներդրող չի էլ գալու:

Հարցին՝ ինչո՞վ եք բացատրում ՔՊ-ականների՝ հատկապես վերջին օրերին իրեն թիրախավորումը՝ նա պատասխանեց. «Երեւի ուզում են, որ լռեմ, իսկ ես չեմ լռելու»:

Ստամբուլյանը նաեւ հայտարարեց, որ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը տղամարդկային բոլոր արժեքներն անցնում է՝ զրպարտությամբ զբաղվելով. «Ես միշտ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցում եմ, մի անգամ չեմ եղել, բայց առաջին քննարկմանը իմ հարցադրումներն ուղղել եմ՝ պատասխան չեմ ստացել»:

Թունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Ստամբուլյանը տնտեսական հարցերի հանձնաժողովի այն նիստին, որտեղ քննարկվել է այս նախագիծն ու քվեարկության է դրվել, չի մասնակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31